Դամասկոսի արվարձանում քիմիական զենքի կիրառման հետևում կարող է կանգնած լինել Էրդողանի կառավարությունը. Սեյմուր Հերշ

Թուրքական Ulusal Kanal-ի փոխանցմամբ՝ 8 ամիս առաջ համայն աշխարհի ուշադրությունը բևեռված էր Սիրիային՝ կապված Դամասկոսի արվարձան Ղուտայում իրականացված քիմիական զենքի կիրառման հետ, ինչի հետևանքով զոհվել էր մի քանի հարյուր մարդ:

Դրա հետ կապված աշխարհահռչակ լրագրող Սեյմուր Հերշն իր հոդվածում ընդգծել է, որ քիմիական այդ հարձակման հետևում կարող է կանգնած լինել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի կառավարությունը:

Հերշը, հենվելով ամերիկյան հետախուզական ու պաշտպանական տվյալների վրա, նշում է, որ այդ հարձակումն իրականացրել է «Ալ-Քաիդայի» հետ կապված «Ջահաթ-ալ-Նուսրա» խմբավորումը, որին էլ այդ քայլին գնալուն կարող է դրդած լինել Էրդողանի կառավարությունը:

Հերշը չի բացառում, որ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) և Ժանդարմերիան գաղտնի ճանապարհներով քիմիական զենքը հասցրած լինի «Ջաբհաթ ալ-Նուսրային», որպեսզի դրա կիրառումից հետո ԱՄՆ-ն արտաքին ռազմական միջամտություն ցուցաբերի Սիրիայում:

Թուրքական մամուլը տվյալ տեղեկատվությունը որակել է որպես շոկային:

Հիշեցնենք, որ Թուրքիան 2012 թվականից որդեգրել է Թուրքիայի հանդեպ սահմանային սադրանքների քաղաքականությունը, ինչի նպատակը Սիրիայի իշխանություններին վարկաբեկելն է, սակայն հիմնական պատճառը Սիրիական հակամարտությունում ՆԱՏՕ-ին ներքաշելն է՝ շեշտը դնելով նրա վրա, որ ինքը ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածում նշված է, որ ՆԱՏՕ-ի անդամ մեկ կամ մի քանի երկրի դեմ հարձակումը որակվում է որպես ողջ ՆԱՏՕ-ի դեմ հարձակում:

Այդ սադրանքների թվում կարելի է նշել Սիրիայի սահմանից Թուրքիայի տարածքի գնդակոծությունները, հրետակոծությունները, ինքնաթիռների ու ուղղաթիռների հետ կապված միջադեպերը: Ի դեպ, ավելի վաղ թուրքական մամուլը չէր բացառել, որ Սիրիայում կիրառված քիմիական զենքը կարող է արտադրված լինել հենց Թուրքիայում:

Այն բանից հետո, ինչ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սիրիայի նախագահի համար «կարմիր գիծ» սահմանեց սեփական ժողովրդի հանդեպ քիմիական զենքի կիրառումը, բնական է, որ Ասադի հակառակորդները (սիրիական ընդդիմություն, Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Կատար և այլն) մեծապես պետք է շահագրգռված լինեին դրա կիրառմամբ:

Եվ երբ դրա տեղի ունենալուց հետո ԱՄՆ-ը պատրաստվում էր պատժել Ասադին, Թուրքիան երկու ձեռքով կողմ էր արտահայտվել դրան, անմիջապես միացել էր ԱՄՆ-ի գլխավորած միջազգային ուժերին, Սիրիայի հետ սահմանին զորքեր էր կենտրոնացրել, սակայն ի վերջո Սիրիայում չիրականացվեց արտաքին ռազմական միջամտություն, այդ թվում նաև Ռուսաստանի հակազդեցության շնորհիվ:

Տեսանյութեր

Լրահոս