Մարտնչող գրագիտություն
Երևանի ավագանին մայրաքաղաքի կենտրոնում նոր արձան դնելու որոշում է կայացրել: Կարծես ամեն ինչ բնականոն հունով է ընթացել: Որոշման նախագիծը մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետն է ներկայացրել: Իսկապես, հավանաբար հենց այդ պաշտոնը զբաղեցնող անձն էլ պիտի որոշի` որտեղ տեղադրել արձանները: Ի վերջո, մասնագիտական կրթություն է ստացել ու, հարկավ, պիտի որ ոչ ճարտարապետից ավելի լավ կարողանա լուծել այդ խնդիրը: Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի՝ Անաստաս Իվանովիչ Միկոյանի արձանը մայրաքաղաքի կենտրոնում դնելու առաջարկը, մեղմ ասած, միանշանակ չի ընդունվել: Բնականաբար: Հետևաբար` լրատվամիջոցներին հետաքրքրում է, թե ինչու է ճարտարապետը նման որոշում կայացրել:
Պարոն Բարսեղյանը «Հայկական Ժամանակ» օրաթերթի լրագրողին պատմել է իր պատմական որոշում ընդունելու շարժառիթները:
Քանի որ սույն հարցազրույցը խիստ տիպական է ու բացահայտում է մեր ժամանակների հայ չինովնիկի մասնագիտական, ինտելեկտուալ ու կրթական մակարդակը՝ արժանի է ուշադրության: Չեք հավատա, բայց համարյա 60-ամյա ճարտարապետը Միկոյանի մասին իմացել է նրա թոռնիկից: Թոռնիկը` Վլադիմիր Սերգեևիչ Միկոյանը (հայրանունը ռուսական ձևով նշել է ճարտարապետը) եկել է Երևան: Եկել, հանդիպել է պարոն Բարսեղյանի հետ, պատմել իր պապի մասին ու առաջարկել դնել նրա արձանը: Թոռնիկը, ըստ Բարսեղյանի, «Իր պապի մասին շատ հետաքրքիր գիրք» է նվիրել:
Դատելով գրքի մասին հեղինակային ածական-բնութագրից` կարելի է ենթադրել, որ ճարտարապետը կարդացել է այն: Հարցազրույցի այս հատվածն ինձ հիշեցրեց Վիլյամ Սարոյանի պատմությունն իր քեռու մասին: Սարոյանի քեռին ժամանակին ընդամենը մի գիրք էր կարդացել՝ «Փարիզի գաղտնիքները» վեպը: Մեկ գիրք կարդացել ու հետագա ամբողջ կյանքում բոլորին համոզում էր, որ այն աշխարհի ամենահետաքրքիր ու ընթերցանության արժանի միակ գիրքն է: Իր հարցազրույցում մեր գլխավոր ճարտարապետը համեստորեն ասում է.
«Ես չէ, որ պիտի ներկայացնեմ Միկոյանի ավանդը` ընդհանրապես համաշխարհային առումով»: Համեստորեն ասում ու միամիտ-միամիտ պատմում է, թե ինքն անձամբ որտեղից գիտի Միկոյանի մասին` «Ես Վիկիպեդիայի նյութերից ծանոթացա նրա կենսագրությունը»: Ահա մեր չինովնիկների ինտելեկտուալ մակարդակի անկեղծ հմայքը: Եթե Վիկիպեդիայի նյութերից որևէ աշակերտ կամ ցածր կուրսերի ուսանող շարադրություն գրի, երևի ընդունելի կլինի: Բայց, կրկնում եմ, 60-ամյա ճարտարապետը համարյա իր ժամանակների գործչի մասին կարդում է Վիկիպեդիայում:
Նրա օրինակին հետևելով` ինքս կարդացի Վիկիպեդիայի «Տիգրան Բարսեղյան» հոդվածը: Մեր քաղաքի գլխավոր ճարտարապետը, պարզվում է, իր ստեղծագործական գործունեության ընթացքում չորս շենք է նախագծել: Դրանցից առաջինը ԼՂՀ Նորագյուղ ավանի մշակույթի տունն է: Վիկիպեդիայում նշված է, որ այն կառուցվել է 1979թ.: Ավելի ճիշտ կլիներ, եթե նշված լիներ, որ կառուցելու փորձն արվել է 1979 թ.-ին: Որովհետև, ըստ նույն Վիկիպեդիայի, այն առ այսօր կիսակառույց է: Բայց կիսակառույց մնալու փաստը չի խանգարել, որ Բարսեղյանը նույն թվականին այդ շենքի համար ստանա ՀԼԿԵՄ մրցանակ: (Երիտասարդ` այսինքն` ոչ մի իմաստով Միկոյանի ժամանակակիցը չհամարվող ընթերցողի համար, կարծում եմ, անհրաժեշտ է բացել ՀԼԿԵՄ հապավումը` Հայաստանի Լենինյան Կոմունիստան Երիտասարդական Միություն):
Ըստ նույն Վիկիպեդիայի, պարոն Բարսեղյանը նաև գիտությունների թեկնածու է և պրոֆեսոր: Այ սա իսկապես տարօրինակ է: Գիտությամբ զբաղվող ցանկացած ասպիրանտ անգամ գիտի, որ Վիկիպեդիայի հրապարակումները գիտական արժեք չունեն: Ասեք` ինչ ուզում եք, միևնույն է, խորհրդային գաղափարախոսությունն իր հետքը թողել է: Կարելի է չհամաձայնել նոմինալիստ փիլիսոփաների հետ, ովքեր պնդում էին՝ անունը պատահական չէ՝ խորքային է ու բովանդակություն է պարունակում: Կարելի է չհամաձայնել անգլիական առածի հետ, որ «Շանը վատ անուն տալուց հետո կարելի է խեղդել, որովհետև դրանից լավ շուն այլևս դուրս չի գա»:
Մեր գլխավոր ճարտարապետը Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտն է ավարտել: Հավատացեք, չեմ ուզում վիրավորել մեր հարգարժան Պոլիտեխնիկի խորհրդային անցյալը: Բայց այն խորհրդային տարիներին «Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ» էր կոչվում: Չնայած, որ նույնիսկ ամենաթունդ բոլշևիկն անգամ չէր կարողանում բացատրել, թե ինչ առնչություն ուներ մեծ տնտեսագետ Մարքսն ինժեներության հետ:
Այս իրավիճակը խորհրդային անեկդոտ է հիշեցնում: Արտերկիր արտագաղթած խորհրդային բժիշկը դիմում է արտոնագիր ստանալու: Մասնագիտական հանձնաժողովը մարդու կմախք է ցույց տալիս և խնդրում է մասնագիտական կարծիք հայտնել: «Մարդու կմախք է»,- հպարտ-հպարտ հայտարարում է խորհրդային բժիշկը: Հանձնաժողովը կրկնում է հարցը, խնդրելով մի քանի մասնագիտական կարծիք հայտնել: Խորհրդային բժիշկն ընդամենը կրկնում է նախկին պատասխանը: «Լավ, Ձեզ ի՞նչ են սովորեցրել յոթ տարի բժշկականում»,- զարմանում են հանձնաժողովի անդամները: «Մի՞թե սա Մարքսի կմախքն է»,- զարմացած արձագանքում է խորհրդային բժիշկը: Հավանաբար, չափազանցեցի: Բայց եթե կարդաք մեր գլխավոր ճարտարապետի հարցազրույցը, կհամոզվեք, որ նրան դեռ շատ անկեղծ բացահայտումներ են սպասվում:
Մարդը հավանաբար վստահ է, որ եթե Սանահինում Միկոյանի կիսանդրին կա, ապա դրանցից մի քանի հատ մյուս բնակավայրերում էլ պիտի լինի:
Հ.Գ. «Անցյալը չես թաքցնի». պնդում է եվրոպական ասացվածքը: Եկեք հանգիստ թողնենք անցյալի քաղաքական գործիչներին: Հատկապես խառնակ ժամանակների գործիչներին: Այլապես կհիշենք, որ Երևանի պետական համալսարանը կրում էր Վյաչեսլավ Իվանովիչ Մոլոտովի անունը: Պատմաբան ընկերներիցս մեկը պնդում է, որ Մոլոտովի անունը հանելու մասին որևէ պաշտոնական որոշում չկա: Պարզապես մի պահից դադարել են գրել, ու վերջ: Երևի վախեցել են խառնակ ժամանակների վերադարձից: