
Մեր ճանապարհները կբաժանվեն կառավարության այն անդամից, ով չի կատարի ներկայացված ծրագիրը. Հովիկ Աբրահամյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ նորակազմ կառավարության առաջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Բացելով նիստը, վարչապետը դիմել է ներկաներին. ««Կառավարությունն ամբողջովին ձևավորվել է, և ես շնորհավորում եմ բոլորիս: Մենք աշխատում ենք ծրագրի վրա, պետք է քսան օրվա ընթացքում այն ներկայացնենք Ազգային Ժողով: Ծրագիրը պետք է լինի հնարավորինս իրատեսական, փոփոխությունները չպետք է ինքնանպատակ լինեն: Ես տեղյակ եմ քննարկումների արդյունքներից, որոնք պարոն Գևորգյանը պարբերաբար զեկուցում է:
Ես համոզված եմ, որ ԱԺ ներկայացվող ծրագիրն իրոք իրատեսական է լինելու և կառավարության յուրաքանչյուր անդամ պատասխանատու է ներկայացված ծրագրի կատարման համար: Մեր ճանապարհները կբաժանվեն կառավարության այն անդամից, ով չի կատարի ներկայացված ծրագիրն ու արդյունավետ չի աշխատի, անկախ նրանից, թե մենք ինչքան ժամանակ ենք միասին աշխատել»:
Այնուհետև հաստատվել է նիստի օրակարգը, և կառավարությունը ձեռնամուխ է եղել հարցերի քննարկմանը: