Ինչպես են էժան գազը թանկ գնով ծախում ժողովրդի վրա

Այս օրերին, երբ ակտիվացել են խոսակցությունները ներմուծվող գազի հնարավոր թանկացման վերաբերյալ, շատ կարևոր է իմանալ, թե մինչև հիմա ինչպես են խաբել քաղաքացիներին ու էժան գազը վաճառել չափազանց թանկ գնով։

Տարիներ շարունակ Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում միջազգայինից մի քանի անգամ ցածր գնով։ Դա արտոնյալ գին է, որը մեր տնտեսության համար ունի էական նշանակություն։ Սակայն այդ գազը ներքին շուկայում սպառողների որոշ խմբերին, մասնավորապես՝ բնակչությանն է հասնում անգամներով ավելի բարձր գնով, քան ներմուծվում է։

Հենց այս հանգամանքն էլ իշխանությունները շատ հաճախ փորձում են շահարկել՝ կասկածի տակ դնելու ռուսական գազի էժան լինելու հանգամանքը։

Վերցնում են բնակչությանը վաճառվող գազի սակագինը և հայտարարում, թե ռուսական էժան գազն այնքան էլ էժան չէ, ինչպես թվում է։ Այդ գազը սպառողներին է հասնում ավելի բարձր գներով, քան բազմաթիվ այլ երկրներում, որոնք գազն անհամեմատ ավելի թանկ են գնում։

Կարդացեք նաև

Փորձում են սրանով տպավորություն ստեղծել, թե Ռուսաստանի տրամադրած ցածր գինն իրականում այնքան էլ մեծ առավելություն չէ Հայաստանի համար։

Առաջին հայացքից ներկայացվող փաստարկը կարող է համոզիչ թվալ շատերին։ Իսկապես, Հայաստանի բնակչությունը գազի համար անհամեմատ ավելի թանկ է վճարում, քան այն գնվում է սահմանին։ Բայց այստեղ կա մի կարևոր հանգամանք, որի մասին իշխանությունները նախընտրում են չխոսել։ Սահմանին գազի գինը որոշվում է Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններով, սակայն ներսում, սպառողների համար գործող սակագները որոշում ու հաստատում են Հայաստանի իշխանությունները։

Իրականում, թե ո՞րն է բնակչությանը վաճառվող գազի բարձր գնի պատճառը, պետք է հարցնել նույն իշխանություններին, որոնց իրականացրած սակագնային քաղաքականության հետևանք է, որ սահմանին էժան գնով գնված գազն այդքան թանկացած է հասնում սպառողին։

Այդպես է, որովհետև՝ ի տարբերություն շատ երկրներում  ընդունված մոտեցման, Հայաստանում բնակչությանը գազը մի քանի անգամ ավելի թանկ են վաճառում, քան այլ սպառողներին։ Գրեթե ամբողջ աշխարհում հակառակն է՝ բնակչությանը վաճառվող գազի սակագներն էապես ավելի ցածր են, քան այլ սպառողներինը, այդ թվում՝ տնտեսությանը։ Բայց Հայաստանի իշխանություններն այդպես են որոշել։ Ու երբ հայտարարում են, թե ներսում գազն անհամեմատ թանկ է և ոչ մի նշանակություն չունի, որ Ռուսաստանն այն վաճառում է էժան գնով, դրանով պարզապես փորձում են պատասխանատվությունը գցել իրենց ուսերից։

Ռուսաստանը չէ, որ որոշում է, թե ինչքան պիտի լինեն գազի սակագները Հայաստանի ներսում։ Որոշում են Հայաստանի իշխանությունները։

Գազի սակագների հաստատման հետ անգամ «Գազպրոմ Արմենիան» ուղիղ կապ չունի։ Այն բացառապես իշխանության ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մենաշնորհն է։

Երբ սահմանին էժան գնով գնված գազը ներսում բնակչությանն է հասնում գրեթե 2.2 անգամ ավելի թանկ գնով, պատասխանատուն ոչ թե ուրիշներն են, այլ Հայաստանի իշխանությունները։ Այսօր սահմանին Հայաստանը գազը գնում է 177 դոլարով, իսկ բնակչությունը դրա համար վճարում է 395 դոլար, որովհետև այդպես են որոշել իշխանությունները։ Բացի այն, որ ավելացված արժեքի հարկ են դրել գազի ներմուծման վրա ու դրա պատճառով սահմանն անցնելուց հետո այն ավտոմատ թանկանում է 35 դոլարով՝ դառնալով 212 դոլար, մի բան էլ իրենք են ներսում թանկացնում։ Թանկացնում են առավելապես բնակչության համար։

Մինչդեռ՝ մյուս սպառողների դեպքում շատ ավելի ցածր սակագին են սահմանել։

Նույն ջերմոցային տնտեսությունները գազի համար անհամեմատ ավելի էժան գին են վճարում։ Սեզոնին 1000 խորանարդի համար՝ ընդամենը 234 դոլար։

Սահմանին ԱԱՀ-ով հարկելուց հետո գազի գինը դառնում է 212 դոլար, իսկ ջերմոցային տնտեսություններին այն վաճառվում է 234 դոլարով։

Ավելանում է ընդամենը 22 դոլարով։

Նույնիսկ ԱԱՀ-ն հաշվի չառնելու պարագայում, այս սպառողների համար գազը սահմանից ներս թանկանում է ընդամենը 57 դոլարով, բնակչության համար՝ 218 դոլարով։

Բնակչության համար գազը գրեթե 4 անգամով ավելի շատ է թանկանում ներսում, քան ջերմոցային տնտեսությունների համար։ Սրա բացատրությունը ոչ մեկը չի ուզում տալ քաղաքացուն։

Նույնպիսի արտոնյալ գին են վճարում նաև գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվողները։

Այդ գները նրանց շնորհել են Հայաստանի իշխանությունները, ի դեմս ՀԾԿՀ-ի, փոխարենը՝ շատ ավելի բարձր բեռ դնելով բնակչության վրա։

Երբ խոսում են ներսում գազի էժան կամ թանկ լինելու մասին, այս սպառողներին իշխանությունները երբեք չեն անդրադառնում։ Այն դեպքում, որ նրանց համար գազի սակագներն ավելին են, քան նույնիսկ արտոնյալ լինելը։ Շատ երկրներում նույն խմբերի սպառողները կերազեին այդպիսի գնով գազ ստանալ։ Հայաստանում նման ցածր սակագներ հաջողվել է սահմանել զուտ այն բանի արդյունքում, որ սահմանին էժան գազ ենք ստանում։

Այո, Հայաստանի ներսում որոշ սպառողների, մասնավորապես՝ բնակչության համար ներմուծվող էժան գազը վաճառվում է անհամեմատ ավելի թանկ գնով։ Բայց դա դեռ չի նշանակում, թե ռուսական էժան գազն իրականում ամենևին էլ էժան չէ կամ առավելություն չի տալիս Հայաստանին։ Պատկերացրեք, թե ո՞ւր կլինեին հիմա ջերմոցային տնտեսություններն ու գյուղմթերք վերամշակողները, եթե չլինեին այսօրվա արտոնյալ սակագները։

Ի տարբերություն բնակչության, ռուսական էժան գազի պտուղները վայելում են այլ սպառողները, որոնք, ՀԾԿՀ ցուցաբերած «գթասրտության» շնորհիվ, գրեթե կրկնակի էժան են վճարում, քան բնակչությունը։ Այդ արտոնյալ սակագները նրանք ստանում են մյուսների և առաջին հերթին՝ բնակչության հաշվին։

Եթե համահարթ կամ միասնական լինեին սակագները բոլորի համար, բնակչությունը հիմա անհամեմատ ավելի ցածր գին կվճարեր գազի դիմաց, քան վճարում է։ Բայց իշխանություններն ու սակագները կարգավորող մարմինը մտադիր չեն գնալ դրան։ Հավանաբար այսպես ավելի հեշտ է շահարկել գազի ներմուծման գնի ու ներքին սակագների հսկայական տարբերությունը՝ խաղալով հասարակության զգացմունքների վրա։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30