
Ուկրաինայում ՀՀ դեսպանն ամենավերջին հայհոյանքներով սպառնացել է լռեցնել հայ նկարչին. «Կհասնեմ Կիև՝ կտեսնես». 1in.am

Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանն ամենատգեղ հայհոյանքներով սպառնացել է Կիևում բնակվող հայազգի գեղանկարիչ Բորիս Եղիազարյանին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասել է ինքը՝ Բորիս Եղիազարյանը: Հայ գեղանկարչի խոսքով՝ երեկ նրա հարցազրույցից հետո իրեն է զանգահարել Անդրանիկ Մանուկյանն ու ասել, թե նա ինչ իրավունք ունի իր մասին նման կարծիք հայտնելու, ապա հավելել. «Ի՞նչ ես ուզում ինձնից»:
Եղիազարյանի խոսքով՝ ինքը փորձել է բացատրել, որ Մանուկյանի անձի դեմ ոչինչ չունի, պարզապես խոսել է որպես դեսպան նրա սխալների մասին, որի իրավունքն ունի:
Ի դեպ, երեկ aravot.am-ին տված հարցազրույցում Անդրանիկ Մանուկյանն՝ արձագանքելով Բ. Եղիազարյանի հարցազրույցում հնչեցրած հայտարարոթյուններին, ասել էր. «Ո՞վ է խայտառակում Հայաստանը, ե՞ս, թե՞ նման մեկնաբանություններ անողները: Եթե նրանց կարծիքով՝ Եղեռնի օրը Ուկրաինայի նախկին մշակույթի նախարարի մասնակցելը խայտառակել է հայ ժողովրդին, թող այդ անհեթեթ կարծիքը եւ տգետ մեկնաբանությունը չփաթաթեն ընթերցողների վզին եւ հարվածի տակ չդնեն Ուկրաինայում ապրող հայությանը»: Նրա խոսքով՝ ամեն տարի Ուկրաինայի հայ համայնքը ապրիլի 24-ին կազմակերպում է սգո հավաք եւ այս տարի մեր նոր կառուցվելիք եկեղեցու բակում կազմակերպված սգո արարողությանը ներկա է գտնվել Ուկրաինայի նախկին մշակույթի նախարարը՝ Միխայիլ Կուլինյակը, որը ելույթ է ունեցել եւ դատապարտել Հայոց Մեծ Եղեռնը: Սա է պատճառը, որ Բորիս Եղիազարյանը ՀՀ դեսպանին մեղադրել է պրոռուսական հայացքներ ունենալու մեջ՝ ասելով, թե Յանուկովիչի իշխանության մշակույթի նախարարին է հրավիրել, ուրեմն ճանաչում է Յանուկովիչի իշխանությունը: Սա այն դեպքում, երբ մշակույթի այդ նախարարը Յանուկովիչի իշխանության ժամանակ էլ այդ պաշտոնը թողել է: Անդրանիկ Մանուկյանի պարզաբանմամբ՝ «Այդ օրը երբեք որեւէ մեկին չեն հրավիրում: Մարդիկ գալիս են ինքնակամ: Դա աբսուրդ է: Միայն հիվանդ մարդու երեւակայությունը կարող էր նման բացատրություն տալ: Ի՞նչ է նշանակում ճանաչում եմ Յանուկովիչի իշխանությունը: Ուկրաինայի իշխանությունը լեգիտիմ է, թե լեգիտիմ չի՝ դա այլ խնդիր է, բայց Յանուկովիչի կառավարությունը չկա»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: