Էրդողանն ընդունել է Արամ Աթեշյանին
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն իր նստավայրում այսօր ընդունել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին ու նրա պատվիրակությանը:
Դռփնակ պայմաններում անցկացված հանդիպումը տևել է մոտ մեկուկես ժամ: Հանդիպման մեկնարկից առաջ Էրդողանը, ի հիշատակ, Աթեշյանին նվիրել է արծաթե սպասք:
Ընդունելությանը մասնակցել են նաև Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը, արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, վարչապետի խորհրդականի օգնական Իբրահիմ Քալընը, հայկական Սուրբ Փրկիչ եկեղեցու հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն, Քարագյոզյան դպրոցի ղեկավար խորհրդի նախագահ Տիգրան Գյուլմեզգիլը և Աթեշյանի օգնական Այք Մյուրզօղլուն:
Հանդիպումից հետո Աթեշյանը գոհունակություն է հայտնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Էրդողանի հղած ցավակցական ուղերձի կապակցությամբ: Աթեշյանը, հիշեցնելով, որ Թուրքիայի վարչապետն առաջին անգամ է «կիսում» հայերի ապրիլքսանչորսյան ցավը, հայտարարել է, որ հավատում է, որ դա Էրդողանի կողմից առաջին քայլն է: