Անգելա Մերկելը մեկնում է ԱՄՆ
Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր աշխատանքային և ոչ թե պաշտոնական այցով մեկնում է Վաշինգտոն՝ թեև նրա այցի ծրագիրը բավական լայն է՝ համեմատած սովորական աշխատանքային այցերի հետ:
Պլանավորված է, որ Մերկելը հանդիպելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, ինչից հետո բանակցությունների արդյունքներով կազմակերպվելու է մամուլի մեծ ասուլիս:
Բացի այդ, Մերկելը հանդիպելու է ամերիկացի կոնգրեսականների, ԱՄՆ-ի քաղաքական ու գործարար ընտրանու ներկայացուցիչների, Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդի հետ:
Բեռլինում ընդգծում են, որ Մերկելի աշխատանքային այցի հարցում ամենաանսովորն այն է, որ Օբամայի հետ շփման համար հատկացվել է 4 ժամ, ինչն անսովոր շատ է:
Խոսքն առաջին հերթին գնում է Ուկրաինայի հարցի քննարկման մասին: Բանակցությունների ժամանակ Օբաման կփորձի Մերկելից հասնել Ռուսաստանի նկատմամբ գործադրվող ճնշման ուժեղացմանը: