Թուրքիան կարող է Մեծամորի ատոմակայանի հարցում համագործակցել Հայաստանի հետ. Թաներ Յըլդըզ

Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Թուրքիան «կարող է» Մեծամորի ատոմակայանի հարցում համագործակցել Հայաստանի հետ:

Յըլդըզը հիշեցրել է, որ 28 տարի առաջ տեղի է ուենցել Չեռնոբիլի ատոմակայանի աղետը՝ հավելելով, որ 1986 թվականից հետո աշխարհում կառուցվել է 144 ատոմակայան, իսկ 62-ը գտնվում են կառուցման գործընթացում:

Յըլդըզն ընդգծել է, որ 1986 թվականից հետո ատոմակայնների հարցում խորհրդակցություններ են անցկացրել աշխարհի 31 երկրի հետ և որ «կարող են» Մեծամորի ատոմակայանի հարցում էլ համագործակցել Հայաստանի հետ:

Յըլդըզն ընդգծել է, որ իրենք մտահոգություններ ունեն Իգդիրի մոտ գտնվող տարեց այդ ատոմակայանի գործունեության կապակցությամբ և «անհրաժեշտ է» հնարավորինս շուտ վերջ դնել այդ մտահոգություններին:

Մեկնաբանելով Մեծամորի ատոմակայանը ևս 10 տարի շահագործելու մասին որոշումը՝ Յըլդըզը հայտարարել է. «Մենք կարող ենք համատեղ ուժերով կանխել սպառնալիքը»:

Նախարարն ընդգծել է, որ Թուրքիան մեծ ուշադրություն է դարձնում (միջերկրածովյան) Աքքույուում ու (սևծովյան) Սինոպում կառուցվելիք ատոմակայանների անվտանգության խնդիրներին:

Հիշեցնենք, որ թուրք-ադրբեջանական կողմը շարունակ պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը՝ այն որակելով որպես «Հայկական Չեռնոբիլ» և «Եվրոպայի ամենավտանգավոր ատոմակայան»:

Տեսանյութեր

Լրահոս