
Պենտագոնի Հետախուզական վարչությունն առաջին անգամ կարող է կին գլխավորել

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության Հետախուզական վարչության ղեկավար Մայքլ Ֆլինն ու նրա տեղակալ Դևիդ Շեդը զբաղեցրած պաշտոններին հրաժեշտ կտան մինչև ընթացիկ տարեվերջ: Հրաժարականի պատճառները չեն հրապարակվել:
Ամերիկյան The Washington Post թերթի տվյալներով՝ Ֆլինի վրա ճնշում է գործադրում ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպերը՝ կապված առկա տարաձայնությունների հետ: Հետախուզական վարչության տնօրենն ու նրա տեղակալը դեռ շարունակում են աշխատել:
Ամենայն հավանականությամբ, նրանք իրենց լիազորությունները վայր կդնեն վաղ աշնանը: Հայտնի չէ, թե ով կփոխարինի Մայքլ Ֆլինին: The Washington Post-ը կարծում է, որ նրան փոխարինելու է գեներալ-լեյտենանտ Մերի Լեժերը: Եթե դա տեղի ունենա, ապա ԱՄՆ ՊՆ-ի Հետախուզական վարչությունն առաջին անգամ կարող է կին գլխավորել: