ՊԵԿ-ի ու Ֆիննախի միացման դրական և բացասական կողմերը
«Պետական եկամուտների կոմիտեի միացումը ֆինանսների նախարարությանն ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր»,- այսօր կայացած ասուլիսում նման տեսակետ հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ՊԵԿ-ի միացումը ֆինանսների նախարարությանը:
«Այսօր ֆինանսների նախարարությունը դեռևս մնում է բյուջեն ապահովող և ծախսող նախարարություն՝ կանոնակարգում է մուտքերը և ծախսերը: Բայց մուտքերով չպետք է զբաղվի ֆիննախարարությունը, որովհետև չի կարող մի ձեռքը բերել, մյուսը ծախսել: Մուտքերը պետք է ապահովի էկոնոմիկայի նախարարությունը:
Իսկ ֆինանսների նախարարությունը միայն ակցիզային հարկի և այլ նման միջոցներով է լրացնում, տնտեսագիտական գաղափարով չի առաջնորդվում: Փակ շղթա է առաջանում և դրական չի կոնսոլիդացիան»,- ասաց Գ.Մակարյանը:
Ըստ նրա՝ կա մեկ այլ՝ դրական կողմ՝ վերահսկողությունը ծախսերի առումով: Մասնավորապես՝ հավաքագրվող եկամուտների չափի և բյուջեի ծախսային մասի կանոնակարգումը, այսինքն՝ «անընդհատ տեղյակ է, թե մի ձեռքը մյուսի նկատմամբ ինչ է անում»: «Բայց ես անհանգստանում եմ, որ ավելի շատ չկիրառվեն ֆինանսական գործիքները, քան տնտեսագիտական»,- հավելեց Գ.Մակարյանը: