
Իտալիայի Վերաքննիչ դատարանը երկու ամսով մեղմացրել է Դոլչեի ու Գաբանեի պատժաժամկետը

Բրիտնական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իտալիայի Վերաքննիչ դատարանը երկու ամսով մեղմացրել է մոդելավորողներ Դոմենիկո Դոլչեի ու Ստեֆանո Գաբանեի նկատմամբ կայացված դատավճիռը՝ կապված երկրի հարկային իշխանություններից հարյուրավոր միլիոն եվրո թաքցնելու հետ:
Նրանց ազատազրկման ժամկետը նվազեցվել է մինչև 18 ամսվա: Չնայած դրան՝ Դոլչեի ու Գաբանեի փաստաբանները մտադիր են բողոքարկել այդ վճիռը: 2013 թվականի հունիսին ավելի ցածր ատյանի դատարանը Դոլչեին ու Գաբանեին դատապարտել էր 20-ամսյա ազատազրկման և մինչև 10 միլիոն եվրո տուգանքի՝ 1.4 միլիարդ եվրո հարկեր վճարելուց խուսափելու համար:
Իտալիայում ֆինանսական չարաշահումների շուրջ հետաքննությունը սկսվել է 2008 թվականին: 2010 թվականին դա առնչվեց նաև Դոլչեին ու Գաբանեին, որոնք դատարանի առաջ կանգնեցին 2011 թվականին, սակայն այն ժամանակ նրանց արդարացրին:
Ավելի ուշ Իտալիայի Գերագույն դատարանը որոշեց վերանայել Միլանի դատարանի որոշումը, և արդյունքում նրանց ազատազրկեցին 20 ամսով: 2010 թվականին Իտալիայում կորպորացիաների շահութահարկը կազմում էր ավելի քան 30 տոկոս, ինչն ամենաբարձրն էր Եվրոպայում: