
Այսօրվանից սկսած՝ Ուկրաինայի բնակչության համար կտրուկ թանկացել է բնական գազի գինը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօրվանից սկսած՝ Ուկրաինայում բնական գազի սակագինը բնակչության համար մեծացվում է գրեթե մեկուկես անգամ: Սակագների բարձրացումը նախատեսված է Էներգետիկայի կարգավորման ազգային հանձնաժողովի՝ ապրիլի 3-ի որոշմամբ:
Դրա համաձայն, 2014 թվականի մայիսի 1-ից սկսած՝ Ուկրաինայում բնակչության կարիքների համար հազար խորանարդ մետր բնական գազի գինը 720.5 գրիվնայից աճում է մինչև 1089 գրիվնայի:
Ընդգծվում է, որ ընդհանուր առմամբ՝ գազի գինը թանկացել է տարբեր չափերով՝ կախված դրանց սպառման ծավալից: Որոշ դեպքերում այն գրեթե կրկնակի թանկացել է:
Հիշեցնենք, որ ռուսական «Գազպրոմը» երեկ հայտարարել էր, որ Ուկրաինայի գազային պարտքի ծավալը հասել է 3.5 միլիարդ դոլարի: