Ադրբեջանի միանգամից երեք ներկայացուցիչ ընդգրկվել է RWB-ի «100 տեղեկատվական հերոսների» թվում

«Լրագրողներ առանց սահմանների» (Reporters Without Borders, RWB) կազմակերպության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ RWB-ն առաջին անգամ հրապարակել է «100 տեղեկատվական հերոսների» իր ցանկը՝ կապված մայիսի 3-ին Մամուլի ազատության համաշխարհային օրվա հետ:

Այդ ցուցակում ընդգրկվել են 100 առավել ակտիվ լրագրողները, բլոգերներն ու քաղաքացիական ակտիվիստները, որոնք մեծ ներդրում են ունեցել հասարակությանն իրազեկելու հարցում: Ընդհանուր առմամբ, ցուցակում ընդգրկվել է 25-75 տարեկան 65 երկրի 100 ներկայացուցիչ:

Նրանք աչքի են ընկել մարդու իրավունքների ու ազատությունների հարցում համարձակությամբ ու ակտիվությամբ: Ամենաերիտասրդ ներկայացուցիչը Օուդոմ Թաթն է՝ Կամբոջայից, իսկ ամենատարեցը՝ Պակիստանը ներկայացնող Մուհամեդ Զիաուդդինը.

Ադրբեջանը տվյալ ցուցակում ունի 3 ներկայացուցիչ՝ Մալախատ Նասիբովա, Գանիմաթ Զահիդ և Հաջիջա Իսմայլովա: Երեքական ներկայացուցիչ ունեն նաև Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը, Էրիթրեան, Մեքսիկան ու Վիետնամը (սրանք այն երկրներն են, որոնցում մեծապես ոտնահարվում են մամուլի ազատությունները): Հայաստանի որևէ ներկայացուցիչ չի ընդգրկվել RWP-ի ցուցակում:

Տեսանյութեր

Լրահոս