PKK-ն ունի մինչև 5000 զինյալ. ԱՄՆ պետդեպարտամենտ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է 2013 թվականի ահաբեկչության մասին զեկույցը: Զեկույցի թուրքական մասում նշված է, որ 2013 թվականին Թուրքիայում իրականացվել են բազմաթիվ ներքին ահաբեկչություններ:

Թուրքիայում արգելված ձախ ծայրահեղական «Հեղափոխական ժողովրդա-ազատագրական կուսակցություն-ճակատը» (DHKP/C) մեծացրել է իր գործողությունները, որոնք սպառնում են թե՛ Թուրքիայի, թե՛ ԱՄՆ-ի շահերին:

Զեկույցում անդրադարձ է կատարված նաև Սիրիայի սահմանին մոտ Թուրքիայի Ռեյհանլը քաղաքում գրանցված ահաբեկչությանը, ինչի հետևանքով զոհվեց 52 մարդ: Ընդգծվել է, որ դա հանդիսանում է Թուրքիայի ժամանակակից պատմության մեջ խոշորագույն հարձակում:

Ուշադրություն է հրավիրված, որ Թուրքիայի սահմանների մոտ (Սիրիայի տարածքում) գործում են «Ալ-Քաիդայի» հետ կապված խմբերը՝ «Ջաբհաթ ալ-Նուսրա» և «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն»:

Զեկույցի եվրոպական մասում նշվել են նաև Ռուսաստանում (Վոլգոգրադ) ավտոբուսի պայթյունը, Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան վրա իրականացված հարձակումը և Փարիզում 3 քուրդ ակտիվիստների սպանությունը:

Թուրքիայում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) գործունեության հետ կապված՝ նշված է, որ շուրջ երեսնամյա պայքարից հետո 2012 թվականի վերջին խաղաղության բանակցություններ սկսվեցին Թուրքիայի կառավարության ու PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի միջև, որոնք հանգեցրին 2013 թվականի մարտին զինադադարի հաստատմանը:

PKK-ականների ընդհանուր քանակը զեկույցում նշված է որպես 4000-5000 մարդ, որոնցից 3000-3500-ը գտնվում են Հյուսիսային Իրաքում: Զեկույցում խոսք է գնում նաև մեկ այլ ահաբեկչական կազմակերպության՝ Թուրքական Հզբոլլահի մասին:

Հիշեցնենք, որ Թուրքական Հզբոլլահը կամ Քրդական Հզբոլլահը Թուրքիայի իշխանությունների կողմից ստեղծվել է 1978 թվականին Օջալանի կողմից PKK-ի ստեղծումից անմիջապես անց՝ նրա դեմ պայքար մղելու նպատակով:

Տեսանյութեր

Լրահոս