
Թուրքիայի ԱԱԽ-ի 6-ժամյա նիստում գնահատական է տրվել ազգային անվտանգության սպառնալիքներին

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ երեկ Թուրքիայում անցկացվել է Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստ, որում գնահատական են տրվել երկրի ազգային անվտանգության սպառնալիքներին և դրանց դեմ պայքարի միջոցներին:
ԱԱԽ-ի նիստն անցկացվել է «Չանքայա» նախագահական նստավայրում, այն նախագահել է երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Նիստը մեկնարկել է տեղական ժամանակով ժամը 14.25-ին և տևել է մոտ 6 ժամ:
ԱԱԽ-ի նիստում քննարկվել են Սիրիայի, Իրաքի, Եգիպտոսի հարցերը, պաղեստինա-իսրայելական բանակացությունների հարցը, ՖԱԹՀ-ի ու ՀԱՄԱՍ-ի միջև ձեռք բերված համաձայնությունը:
Բացի այդ, քննարկվել են Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև առկա լարվածությունը և Թուրքիայում սկսված պաշտպանական բարեփոխումների հարցը: