Հովիկ Աբրահամյանը դրժե՞ց իր խոստումը

Ապրիլի 18-ին ՀՀ նախագահական նստավայրի առջև «Դ!ԵՄ ԵՄ»-ի ակցիայի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ «առաջին քայլն արել է», ու վստահեցրեց, թե համատեղ քննարկումների արդյունքում կարող են հաջողություն ունենալ պարտադիր կուտակային համակարգի շուրջ տարաձայնությունները հարթելու հարցում: «Եթե նայեք աչքերիս, կտեսնեք, որ անկեղծորեն եմ ասում»,- շեշտել էր նորանշանակ վարչապետը: Կառավարության ապրիլի 23-ի նիստում Հ.Աբրահամյանը հայտարարեց, թե պարտադիր կուտակայինը փաստացի կասեցված է: Այնուհետև կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու հնարավորությունները քննարկվել էին ԱԺ-ում քառյակի հետ հանդիպման ժամանակ, որտեղ քառյակը Հ. Աբրահամյանին էր ներկայացրել իր առաջարկությունները։ Այդ ժամանակ Աբրահամյանը լրագրողներին հավաստիացրել էր, թե իր «բոլոր ասածների համար տեր» է:

Այսօր կառավարության կողմից անհետաձգելի համարված` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցն ԱԺ նիստի օրակարգում էր, սակայն 168.am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ սպասվածից ամբողջովին տարբեր նախագիծ է ներկայացվել:

– Պարոն Մինասյան, ի՞նչ արդյունքներ կարելի է արձանագրել, արդյո՞ք քառյակի առաջարկներն ընդունվել են կառավարության կողմից:

– Ցավում եմ, բայց չնայած վարչապետի խոստմանը, նաև աշխատանքային քննարկումներին և համաձայնեցումներին, լրիվ ուրիշ նախագիծ է ներկայացվել խորհրդարան, որը չի ապահովում հիմնական մտահոգությունների փարատումը՝ մինչև հիմնարար փաթեթի պատրաստումը: Դա նշանակում է, որ առաջին փուլում, ինչպես նախատեսված էր, պետք է հասարակության մեջ լարվածությունը թուլացնելու, պարտադիր բաղադրիչը կասեցնելու և այն կամավորի վերածելու ուղղությամբ կոնկրետ 3 խնդիրներ լուծվեին, բայց դրանցից որևէ մեկն ամբողջությամբ լուծված չէ:

Այդ 3 խնդիրներն էին. առաջինը՝ օրենքն ընդունվելուց անմիջապես հետո պարտադիր բաղադրիչը պետք է դառնար կամավոր, երկրորդ՝ այն անձինք, ովքեր նախկինում պարտադիր մասնակցել էին, նրանց գումարների հետ վերադարձի հարցը պետք է լուծվեր առնվազն այն գործատուների մասով, որոնք չէին կատարել փոխանցումներ, և, վերջապես, երրորդ՝ գործատուների կողմից հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային ձևից պետք է հանվեր ինքնաշխատ «թռչնակը», ինչը պետք է թույլ տար գործատուներին միայն իրենց աշխատակիցների ցանկությամբ իրականացնել պահումներ:

– Այսինքն՝ կարող ենք եզրակացնել, որ Հովիկ Աբրահամյանը բոլորովին էլ իր խոստման տերը չեղա՞վ:

– Այս պահին ես չեմ ուզում խիստ գնահատականներ տալ՝ մտածելով, որ վերջին շանսը կա, բայց անշուշտ, քիչ հավանական եմ դա համարում: Եթե օրենքի նախագիծն այն տեսքով, ինչ տեսքով որ ներկայացվել է խորհրդարան՝ ընդունվի, կարող ենք նաև դա հաստատել:

– Վերջին շանսը ո՞րն է:

– Վերջին շանսն այն է, որ մեր պայմանավորվածության համաձայն՝ պետք է իրականացվեն նշածս բոլոր փոփոխություններն, ու օրենքն առաջին փուլի համար ընդունվի այն տեսքով, ինչ տեսքով կապահովի 3 հարցերի լուծումը: Այսօր առաջին ընթերցմամբ ներկայացվեց, վաղը շարունակությունն է լինելու:

– Եթե Ձեր առաջարկներն, այնուամենայնիվ, չընդունվեն, ու օրենքն ընդունվի այն տեսքով, ինչ տեսքով որ ներկայացվել է այսօր, դա նշանակում է՝ պարտադիրը շարունակո՞ւմ է աշխատել:

– Ոչ, դա չի կարող դա նշանակել, որովհետև հակաիրավական մեկնաբանություն է կառավարության և իշխանության առանձին ներկայացուցիչների, չի կարող հիմք հանդիսանալ Սահմանադրական դատարանի որոշումը սեփական ցանկությամբ մեկնաբանելու և գործադրելու համար: Ես առավել քան վստահ եմ, որ եթե կառավարությունը չիրացնի ՍԴ որոշումը, սկսվելու են նոր դատական պրոցեսներ, նոր ընդվզումներ, նոր հասարակական ալեկոծություն:

– Ե՞րբ պարզ կլինի, թե օրենքի փոփոխությունները վերջնական երբ կընդունվեն:

– Նախատեսվում է, որ երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ կընդունվի, թեև այստեղ նույնպես իրավական լուրջ խնդիր կա, որովհետև օրենքի նախագիծը սկզբնական տեսքով ներկայացված էր որպես մայր օրենք՝ կապված կուտակային կենսաթոշակային օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու հետ, սակայն հետագայում լրամշակված տարբերակը ներկայացվել է՝ իբրև օրենքում փոփոխությունների նախագիծ:

Եվ եթե օրենքների փոփոխությունների նախագծերի սկզբունքով շարունակվի, ապա 2 ընթերցում է անհրաժեշտ, եթե առաջին տարբերակով՝ 3 ընթերցում: Բայց սա պայքարի վերջը չէ, սա նշանակում է, ինչպես քաղաքական չորս ուժերն են մտադիր, քննարկվելու է արտահերթ նիստ հրավիրելու հարցը:

– Ե՞րբ կհրավիրվի արտահերթ նիստ, եթե գործը դրան հասնի:

– Անշուշտ, քառյակն ինքն է որոշում, եթե երբ կլինի, բայց իմ կարծիքով՝ դա կարող է լինել երկուշաբթի օրը՝ մայիսի 5-ին, բայց արտահերթ նիստ գումարելու որոշումը կայացվելու է վաղը:

Տեսանյութեր

Լրահոս