Քաղցր սամիթի սերմի նիհարեցնող հատկությունը
Բուժիչ նամակներ
Ռազիան, նույնն է` քաղցր սամիթ, պատկանում է հովանոցավորազգիների (Apiaceae) ընտանիքին։
- Բազմամյա խոտաբույս է, մշակվում է` որպես երկամյա։
- Ռազիան բժշկականի (Foeniculum officinale) այլ հայերեն անվանումներն են` շումրա, հոռոմ-սամիթ։
- Արմատն առանցքային-իլիկաձև է, հզոր, հյութալի։
Ցողունն ունի գորշակապույտ երանգ, ներսից` սպունգանման կառուցվածք, խիտ ճյուղավորված է, բարձրությունը` 0,7-2 մ է։ Բոլոր տերևներն ունեն պատյան։ Ստորին մասում գտնվողները կոթունավոր են, բազմապատիկ փետրաձև, կտրտված նեղ բաժիններով, վերևինները համարյա նստադիր են։
Ծաղկում է հուլիս-օգոստոսին, ծաղիկները դեղնականաչավուն են, հավաքված են բարդ հովանոցների մեջ, ծաղկաթերթերը հինգ են, ծաղկաբաժակը բացակայում է։ Պտուղը շագանակագույն-կանաչ կամ մոխրագույն-կանաչ է, ունի 10 հատ բութ կողեր, պարունակում է երկու սերմ, որոնք միացված են թելիկով։
Սերմի երկարությունը 5-7 մմ է, լայնքը` 3-4 մմ, հաստությունը` 1,5-2 մմ։
Արտաքուստ նման է սամիթին, սակայն կան էական տարբերություններ, սամիթի ցողունը մուգ կանաչ է, սպիտակ գծերով, տերևիկների գագաթը սրված է, ծաղկաթերթերի գագաթը ծալված է դեպի ներս, պտղի կողերը հինգն են։
Ռազիանի հայրենիքը Միջերկրական ծովի ափամերձ շրջաններն են։ Վաղ միջնադարից մշակվում է Եվրոպայի բարեխառն կլիմայական գոտիներում, մեր ժամանակներում մեծ ծալքերով մշակվում է Ֆրանսիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Ռումինիայում, նաև Չինաստանում, Ճապոնիայում, Արգենտինայում և այլրուր։ Իտալիայում մշակում են Ռազիանի տեսակ (F. italica), որի ցողունի ստորին մասում ձևավորվում է գնդաձև (100-300 գ զանգվածով) ուտելի սոխուկ։
Բույսը մշակվում է նաև ՀՀ-ում, դեղատներից կարող եք գնել Ռազիանի պտուղ (Fructus foeniculi), որը փաթեթավորված է Տավուշի մարզի Ն. Ծաղկավան գյուղում։
Ռազիանի քիմիական բաղադրությունը
100 գ կանաչ զանգվածի կալորիականությունը մոտ 31 կկալ է, նույն զանգվածը պարունակում է սպիտակուց-1,2 գ, ճարպեր-0,2գ, ածխաջրեր-7,3 գ, ֆոսֆոր-50 մգ, կալցիում-49 մգ, մագնիում-17 մգ, նատրիում-80 մգ, կալիում-414 մգ, երկաթ-0,7 մգ, մարգանեց-0,2 մգ, պղինձ-0,15 մգ։
Վիտամիններ` B2-0,1 մգ, B3-0,65 մգ, B5-0,2 մգ, B6-0,1 մգ, E-0,3 մգ, C-50 մգ, A-0,04 մգ։ Նաև` ֆլավոններ, գլիկոզիդներ, ֆիտոնցիդներ, եթերային յուղ։
Պտուղը պարունակում է մոտ 15 % ճարպաթթուներ, այդ թվում` պետրոզելինի-60%, օլեինի-22 %, լինոլի-14 %, պալմիտինի-4%։ Չի պարունակում խոլեստերին և չհագեցած ճարպաթթուներ։ Պտղից ստանում են բուսայուղ, որն օգտագործվում է տեխնիկական նպատակներով. որոշ տվյալներով` հավանաբար լրացուցիչ զտման ենթարկելուց հետո կարող է փոխարինել կակաոյի յուղը։
Պարունակում է սպիտակուց-20%, ածխաջրեր-12,5%, այդ թվում` շաքարներ` 4-5 %, բջջանք-5,7 %։
Մագնիում- 385 մգ, ֆոսֆոր, նատրիում, կալիում և կալցիում, երկաթ-18,5 մգ, ցինկ-3,7 մգ, մարգանեց- 6,4 մգ, պղինձ, քրոմ, ալյումինիում, մոլիբդեն, սելեն և այլն։
Վիտամիններ A-0,011 մգ, B1-0,41 մգ, B2-0,35 մգ, B3-6 մգ, կարոտինային նյութեր` 6-10 մգ, C-12 մգ, ֆլավոններ և այլն։
Ռազիանի պտուղը պարունակում է եթերային յուղ` 3-6 %, որի մեջ կան տերպեններ` անետոլ-60 %, ֆենխոն-20 %, պինին, կամբին, ֆելանդրեն, լիմոնին, ստիգմաստերոլ, նաև անիսոնին բնորոշ կետոն, ալդեհիդ, թթու և այլն։
Անետոլը շատ է նաև անիսոնում, կանխարգալում է ուռուցքների առաջացումը, ունի հակաբորբոքային և խորխաբեր հատկություն, նպաստում է թույների հեռացմանն օրգանիզմից, ունի բարերար ազդեցություն լյարդի վրա։ Կալիֆոռնիայում ռազիանն անվանում են` «վայրի անիսոն»։ Եթերային յուղը պարունակում է բուսական ծագում ունեցող` ֆիտոէստրոգեններ, որոնք կարգավորում են կանանց հորմոնալ ֆոնը և հանգստացնում են երիկամների խիթերը։
Ռազիանի օգտակար հատկությունները
Ռազիանի օգտակար հատկությունները հայտնի են եղել Հիպոկրատի ժամանակներից (Ք.ա. 5-րդ դար), նա խորհուրդ է տվել օգտագործել ռազիանը որովայնի խիթերի բուժման համար։
- Ռազմական բժիշկ Դիոսկորիդիսը (Ք.հ. 1-ին դար) առաջարկել է ուտել ռազիանի սերմը գիրության դեպքում։
- Հռոմեացի իմաստասեր Պլինիուս Ավագը (Ք.հ. 1-ին դար) նկատել է, որ բույսն օգտակար է տեսողությանը։
- Ավիցենան կարծում էր, որ բույսը կանխարգելում է կատարակտի զարգացումը, նվազեցնում է տենդը, կանխում է սրտախառնոցը, օգտակար է ստամոքսաբորբի դեպքում։
- Միջնադարի ականավոր չեխ բժիշկ Մատտիոլն ամփոփել է իրեն հայտնի տեղեկությունները «Ռազիանի ուժը և ազդեցությունը» աշխատությունում։
- 17-18-րդ դարերում Անգլիայում ռազիանը կիրառել են որպես նիհարեցնող միջոց, նաև երիկամների, ստամոքսի, թոքերի հիվանդությունների, գլխացավի բուժման համար։
- Հնում հնդիկները և չինացիներն օգտագործել են օձերի և կարիճների խայթոցների դեպքում` որպես օրգանիզմը թույներից մաքրող միջոց։
- Ժամանակակից հնդիկ բժիշկները կարծում են, որ ռազիանից ստացված պատրաստուկները կարող են կանխարգելել դեմենցիայի` հիշողության ծերունական կորստի և Ալցհեյմերի հիվանդության զարգացումը։
- Թուրք բժիշկները կարծում են, որ ռազիանի կիրառումն արդյունավետ է սալմոնելի, աղիքային ցուպիկի, կաթնասնկի հարուցած ինֆեկցիաները բուժելու համար։
Ինչպես նիհարել ռազիանի օգնությամբ
Բույսի սերմն ունի լեղամուղ, աղիների շարժողական ֆունկցիան ուժեղացնող, մարսողությունը լավացնող, ախտահանող հատկություն, բթացնում է սովի զգացումը, հանգստացնում է նյարդերը։
- Խորհուրդ է տրվում ծամել 1-2 գրամ սերմ, օրը 3 անգամ, ուտելուց հետո, ամեն օր. ինչպես դա անում են հնդիկները։
- Ռազիանը հարուստ է B3 վիտամինով, որը նպաստում է ճարպերի և սպիտակուցների յուրացմանը և հատկապես կարևոր է, եթե սննդակարգը հարուստ է բուսական ծագում ունեցող մթերքներով։ B3-ը չի տրոհվում մթերքի ջերմային մշակման ժամանակ։
- Ճարպերն այրող հատկություն ունի նաև մարգանեցը, որը նույնպես շատ է ռազիանի սերմի մեջ (տե՛ս, «Մարգանեցը` նիհարեցնող մթերքներում», «168 Ժամ», 10.04.2014թ.)։
- Կարևոր է նաև, որ սերմից ստացված պատրաստուկներն ունեն միզամուղ հատկություն, ինչի շնորհիվ օրգանիզմից դուրս է բերվում հեղուկի ավելցուկը։
- Օգտակար է խմել ռազիանի փոշիացրած սերմի եփուկը. 6 գ հումքը 5 րոպե եփեք 250 մլ եռացող ջրի մեջ։ Խմեք 50-ական մլ` օրը 3-4 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ։
- Խառնեք սերմի և կոճապղպեղի արմատի փոշիները (3։1)։ 10 գ հումքը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրի մեջ։ Խմեք 50-ական մլ` օրը 3-4 անգամ։
- Խառնեք եղինջի մանրացրած թարմ կամ չոր տերև և ռազիանի տրորած սերմ (2։1)։ 6 գ հումքը լցրեք 600 մլ եռջրի մեջ, 15 րոպե մարմանդեփ արեք փակ կաթսայի մեջ, թույլ կրակի վրա։ Խմեք 100-ական մլ` օրը 4-5 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ։
- Խառնեք ռազիանի և մաղադանոսի սերմեր, դաղձի տերև (1։1։2)։ 15 գ հումքը 30 րոպե թրմեք եռջրում։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ։
- Մանրացրեք ռազիանի արմատը, 100 գ հումքը համեմեք 2 թ/գ ձիթապտղի յուղով և 1 թ/գ տնական խնձորի քացախով կամ կիտրոնի հյութով։ Կերեք ճաշին կամ ընթրիքին։
Ռազիանի սերմն ունի հաճելի քաղցր, սուր համ, անիսոնի և սամիթի խառնուրդի բուրմունք։ Սերմի օգնությամբ կարելի է երկար տարիներ պահպանել կայուն, առողջ քաշը։
Հակացուցված է հղիներին, կերակրող մայրերին, երեխաներին, նաև ընկնավորության դեպքում։
Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: