Ինչպես է Հովիկ Աբրահամյանը խլել շենքը` մահացած պատգամավորի ընտանիքից. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրում է. «Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող Ամիրյան փողոցում գտնվող Hotel National հյուրանոցային համալիրի պատճառով փողոցում հայտնված բնակիչների խնդրին մենք անդրադարձել ենք:
Ամիրյան 4/4 հասցեում ապրող բնակիչները դեռևս 2004 թվականին տեղահան էին արվել իրենց տներից, և տեղում կառուցվել էր ներկայիս հյուրանոցը, որը սկզբում Հովիկ Աբրահամյանին չի պատկանել: Նա հյուրանոցին տիրացել է բավական ուշագրավ ճանապարհով: Հյուրանոցը սկզբում կառուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, հանգուցյալ Մելիք Գասպարյանը:
Տարիներ անց, 2009 թվականի հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո, երբ պատգամավորը Երևան-Չարենցավան ճանապարհին ավտովթարից զոհվեց, Աբրահամյանները պարզապես խլեցին շենքը Գասպարյանի ընտանիքից: Ընտանիքին մոտ կանգնած անձանցից մեկը . «Ժամանակ»-ին պատմեց, որ ժամանակին շենքի տերերը հայտնի եռյակն էր՝ Հովիկ Աբրահամյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և տրանսպորտի ու կապի նախկին նախարար, այժմ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը:
Այնուհետև Մանուկյանը իր մասնաբաժինը վաճառել էր նրանց, ապա դուրս է եկել նաև Ծառուկյանը, և հիմա շենքն ամբողջությամբ պատկանում է հայր և որդի Աբրահամյաններին:
«Նրանք հյուրանոցի շենքը չնչին կոպեկներով խլեցին Գասպարյանի տղայից ու կնոջից և տիրացան շենքին, նախկին բնակիչներին էլ թողնելով փողոցում: Գասպարյանի տղան հրաժարվեց ժառանգորդ լինել, թողեցին կնոջ վրա` մտածելով, որ կնոջը չեն կարողանա ոչինչ անել, բայց ընդհանուր առմամբ տղան էր զբաղվում շենքի հարցերով: Բայց երբ Աբրահամյանները մտան խաղի մեջ, չնչին կոպեկներ տվեցին, տղան էլ վերցրեց ու փախավ երկրից»,- պատմեց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ Գասպարյանի որդին ներկայումս գտնվում է Դուբայում»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։