Բաժիններ՝

Կառավարությունը կսուբսիդավորի ցրտահարությունից տուժած գյուղացիներին տրվող նոր վարկերը. փոխվարչապետ

Կառավարությունը 50 տոկոսի չափով կփոխհատուցի մարտի վերջին ցրտահարության արդյունքում տուժած գյուղացիական տնտեսությունների ոռոգման ջրի, իսկ 100 տոկոսի չափով` հողի հարկի հետ կապված ծախսերը: ՀՀ Նախագահի հանձնարարականի համաձայն՝ Կառավարությունը ծավալուն աշխատանք է կատարել և գույքագրել բնության տարերքի առաջացրած խնդիրներն ու պատճառած վնասները, ինչպես նաև իրականացրել է մի շարք միջոցառումներ՝ առաջնահերթ կարգով խնդիրը կարգավորելու և հասցված վնասները մեղմելու համար:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, հավելելով, որ այս պահին ամենաառանցքային հարցը գյուղացիական տնտեսությունների համար բանկերի նկատմամբ ստանձնած պարտավորություններն ու վարկերի հետագա մարման կապակցությամբ առաջացող հնարավոր խնդիրների լուծումն է:

«Վերջին 25-30 օրերի ընթացքում Կենտրոնական բանկի օժանդակությամբ համապատասխան վարկային կազմակերպությունները, մասնավորապես, «Կրեդիտ-Ագրիկոլ բանկ»-ը մոտ 2.4 միլիարդ դրամի վարկեր են հատկացրել 2300 գյուղացիական տնտեսությունների: Գյուղացիական տնտեսությունների համար ամենահուզող խնդիրն, այս պահի դրությամբ, տոկոսադրույքներն են: Նոր տրվող վարկերը սուբսիդավորվող են. բոլոր վարկերը վերաձևակերպվում են, ժամկետները` երկարացվում: Վեց ամիս արտոնյալ ժամկետ և 14 տոկոս դրամային վարկ է սահմանվում, որից 4 տոկոսը պետությունը սուբսիդավորելու է:

Արդյունքում, գյուղացիական տնտեսությունները նոր վարկային պարտավորությունները ստանձնելու են տարեկան 10 տոկոս դրույքաչափով»,- նշեց Արմեն Գեւորգյանը` հավելելով, որ 2300 գյուղացիական տնտեսությունները վարկային պարտավորությունների վերաձևակերպման անհրաժեշտություն ունեցող տնտեսությունների ամբողջ թվի 1/3-րդն են:
Բացի այդ, կառավարությունը գյուղացիներին տրամադրել է համակողմանի անմիջական օժանդակություն: Կառավարությունը պարտավորություն է վերցրել 50 տոկոսի չափով փոխհատուցելու ոռոգման ջրի ծախսերը, 100 տոկոսի չափով` հողի հարկի հետ կապված ծախսերը: 84 միլիոն դրամի սերմ է հատկացվել այն գյուղացիական տնտեսություններին, ովքեր ցանկություն են ունեցել սեզոնին բանջարաբոստանային կուլտուրաներ աճեցնել:

Կարդացեք նաև

«Ընդհանուր առմամբ, այս բոլոր միջոցառումների արժեքը կազմել է 800 մլն դրամ: Դրանք դեռ շարունակվում են:

Այս տարի մենք նաև կփորձարկենք մի նոր ծրագիր չորս մարզերում՝ Արմավիր, Արարատ, Կոտայք և Արագածոտն. դա գյուղացիական սեզոնային աշխատանքներին աջակցության ծրագիրն է: Այն մոտ 155-160 մլն դրամի է: Համապատասխան տնտեսությունների ներկայացուցիչների հետ կկնքենք պայմանագրեր, որոնց համաձայն, աշխատելով իրենց տուժած տնտեսությունում, նրանք կստանան համապատասխան գումարներ, որոնք կուղղեն իրենց այգիները վերականգնելու, պահպանելու և համապատասխան գործառույթներով զբաղվելու: Մյուս ուղղությունը հակակարկտային կայանների տեղադրման խնդիրն է:

Այս տարի Արմավիրի մարզում 50 նոր հակակարկտային կայաններ են տեղադրվել, Արարատի մարզում` լրացուցիչ 18 հակակարկտային կայաններ: Հիմա ընթանում են այդ հակակարկտային կայանների փորձարկման և գործարկման հանձնելու գործընթացները»,- ասաց նախարարը` հույս հայտնելով, որ հակակարկտային կայաններն իրենց էական նշանակությունը կունենան գյուղացիների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու առումով:

Փոխվարչապետի հավաստիացմամբ, աշխատանքները պետք է լինեն թափանցիկ և բոլորի համար հասանելի ու հասկանալի: Հենց այդ նպատակով մարզպետարանների կայքեջերում կտեղադրվեն ավագանիների կողմից հաստատված շահառուների ցուցակները, որոնք հասանելի կլինեն բոլորին:
Այսօր «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարան այցելելու ճանապարհին Նախագահ Սերժ Սարգսյանը մարզի Ավշար համայնքում հանդիպում է ունեցել համայնքի այն գյուղացիական տնտեսությունների սեփականատերերի հետ, ում այգեգործական տարածքներն այս տարվա մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ուժեղ ցրտահարությունից տուժել են:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը զրուցել է գյուղացիների հետ, ևս մեկ անգամ ծանոթացել կառավարության կողմից իր հանձնարարությամբ այդ տնտեսություններին հատկացվող պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքին, տեղում գյուղացիներից լսել նրանց առաջնահերթ խնդիրները, տեղեկացրել հասցված վնասները մեղմելու ուղղությամբ պետության կողմից նրանց համար նախատեսված աջակցության ծրագրերի մասին և որոշակի հանձնարարականներ տվել պատասխանատուներին:

2014թ. ապրիլի 4-ին ՀՀ Կետրոնական բանկ կատարած այցի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է ցրտահարության պատճառով տուժած գյուղացիական տնտեսություններին հնարավորինս աջակցություն ցուցաբերելու աշխատանքներին, ինչի ուղղությամբ, ըստ Նախագահի, կառավարությունն ակտիվորեն զբաղվում է:

«Բավականաչափ վնաս կա, բայց կարծում եմ, որ Կառավարության և Կենտրոնական բանկի համատեղ աշխատանքի շնորհիվ, իհարկե, այդ վնասները մենք կարող ենք էապես մեղմել: Մենք ունենք այդպիսի փորձ, որ տարիներով կուտակվել է, և անցյալ տարի Արմավիրում տեղի ունեցած կարկտահարության օրինակով մենք ավելի ակտիվ աշխատեցինք: Կարծում եմ, որ հիմա էլ, անպայման, պետք է նույն ակտիվությամբ և էլ առավել աշխատել»,- ասել է Սերժ Սարգսյանը: Նախագահի համոզմամբ, պետք է առանձնապես ուշադրություն դարձնել տուժած տնտեսությունների համար գործող վարկերի ժամկետայնությունը և մարման ժամանակացույցերը մի փոքր ավելի բարենպաստ և մեղմ դարձնելուն:

«Անցյալ տարի մենք էլի կարողացանք որոշակի դրական վերաբերմունք արտահայտել, երբ արտարժութային վարկերը փոխակերպվում էին մեր արժույթի, մեր դրամային վարկերով: Դա չափազանց էական նշանակություն ունի նաև մարդկանց ապագայի համար, նաև իրենց ավելի ապահով զգալու համար: Այս ուղղությամբ էլ մենք կարող ենք անելիքներ ունենալ և, իհարկե, պետք է անպայման շարունակենք տոկոսադրույքների սուբսիդավորումը, որոնց համար միջոցներ նախատեսվել էին»,- ընդգծել է Նախագահը: Նրա կարծիքով, եթե կան այլ գործիքներ, այլ միջոցներ, որոնցով հնարավոր է մարդկանց հոգսը թեթևացնել, անպայման պետք է անել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս