Ուկրաինան դատի է տալիս «Գազպրոմին»
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան պատրաստ է հազար խորանարդ մետր ռուսական գազի համար վճարել 268 դոլարից (այս տարվա առաջին եռամսյակի գին) ոչ ավելի և պատրաստ է իր դիրքորոշումը պաշտպանել դատարանում, եթե ռուսական «Գազպրոմը» չհամաձայնվի Կիևի առաջարկած պայմաններին:
Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը: Նա հավելել է, որ եթե «Գազպրոմը» դրական ապատասխան տա իրենց, ապա Ուկրաինան անհապաղ կմարի 2.2 միլիարդ դոլար կազմող պարտքը, որը ձևավորվել է նախորդ կառավարության ժամանակ:
Յացենյուկի խոսքերով՝ Ուկրաինան սպասում է ռուսական կողմի պատասխանին, սակայն արդեն իսկ որոշում է ընդունել վեճը Ստոկհոլմի միջնորդ դատարանի միջոցով կարգավորելու մասին:
Յացենյուկը հայտարարել է, որ պայմանագրի համաձայն, «Գազպրոմը» պետք է իրենց մի շարք հարցերի շուրջ հստակ պատասխան տա 30 օրվա ընթացքում: Յացենյուկը «Գազպրոմին» առաջարկել է հանդիպել չեզոք տարածքում՝ Լոնդոնում, քննարկելու համար գազի գնի հարցը: