Ռ. Քոչարյան. Իմաստնաբար կամ ապաշնորհ կերպով կարելի է երկիրը ղեկավարել ինչպես նախագահական աշխատասենյակից, այնպես էլ վարչապետական

Ինչպես գիտեք, 2014 թվականի ապրիլի 22-ին 2rd.am կայքէջը հրապարակել էր նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հարցազրույցի շարունակությունը: Նույն կայքն այսօր ներկայացրել է Ռ. Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը՝ այդ հարցազրույցի արձագանքների հետ կապված։

* * *

Այդ հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը շոշափել էր վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկը՝ ՀՀ նախագահի նախաձեռնած սահմանադրա-կան բարեփոխումները, ինչպես նաև պատասխանել էր քաղաքական օրակարգի մի քանի հրատապ խնդիրներներին վերաբերող որոշ հարցերի: Հաջորդ մի քանի օրերին, ինչպես և սպասվում էր, հարցազրույցն ակտիվորեն քննարկվում էր:  Գոհունակությամբ արձանագրում ենք, որ այդ առիթով քաղաքական մեկնաբանների ու լրագրողների ճնշող մեծամասնությունը հասարակությանը ներկայացրեցին համարժեք գնահատականներ: Թեմայի շուրջ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում ծավալված քննարկումների բնույթն ու փորձագիտական արձագանքները տալիս են բոլոր հիմքերը համոզված ասելու, որ մարդիկ ճիշտ են ընկալել բոլոր շոշափված հարցերի վերաբերյալ նախագահ Քոչարյանի հասկանալի ու փաստարկված դիրքորոշումը:


Այժմ հարցազրույցի վերաբերյալ իշխանության որոշ ներկայացուցիչների արձագանքների մասին: 
Ըստ բովանդակության, այդ արձագանքները կարելի է բաժանել երկու խմբի. 

1.Արձագանքներ, որոնք հանգում էին մտքին, թե սահմանադրական բարեփոխումներն այնուամենայնիվ հասարակության պահանջն է ու հասունացած անհրաժեշտություն, և այդտեղ է մեր երկրի առջև ծառացած բազմաթիվ կենսական  խնդիրների լուծման բանալին:

2.Արձագանքներ, որոնք վերաբերում էին ոչ թե հարցազրուցի բովանդակությանը, այլ դրա ի հայտ գալու փաստին: Մասնավորապես, հնչեցին ուղղակի կամ անուղակի մեղադրանքներ առ այն, որ նախագահ Քոչարյանը մինչ իր տեսակետն արտահայտելը, պարտավոր էր հայտարարել մեծ քաղաքականություն իր վերադարձի մասին: 


Հիմա դիտարկենք այդ արձագանքները առանձին-առանձին:

1. Եթե ծանոթանանք վերջին 4 տարվա ընթացքում տարբեր սոցիոլոգիական կազմակերպությունների անցկացրած հասարակական կարծիքի ուսումնասիրություններին, ապա կտեսնենք, թե որ խնդիրներն են մեր քաղաքացիները համարում ամենահրատապը: Հարցին, թե «երկրի առջև ծառացած  խնդիրներից որո՞նք եք այս պահին համարում ամենակարևորը»՝ հարցվողների գերակշիռ մեծամասնությունը տարեցտարի պատասխանում է`գործազրկությունը, աղքատությունը, արտագաղթը, ինֆլյացիան, ցածր աշխատավարձը և կենսաթոշակը, ինչպես նաև կոռուպցիան: Ահա խնդիրների այն շարքը, որոնց լուծմանը մարդիկ սպասում են (իմիջիայլոց, հարցվողներից ոչ մեկը ոչ ուղղակիորեն, ոչ անուղղակի Սահմանադրությունը չի հիշատակել): Մոլորություն է կարծելը, թե այդ խնդիրների լուծումը կախված է սահմանադրական բարեփոխումներից, և չինովնիկների դեկլարատիվ հայտարարությունները ոչ մեկին հակառակը չեն համոզի:

Անգամ նախկին կառավարությունը, որ մշտապես օբյեկտիվ պատճառներ էր փնտրում բոլոր անհարթությունները բացատրելու համար, չէր փորձում արդարացնել դրանք Հիմնական Օրենքի անկատարությամբ:

2. Մեր մոլորակի հարյուր միլիոնավոր մարդիկ ամեն օր Facebook-ում ու Twitter-ում արտահայտում են իրենց կարծիքը բոլոր հնարավոր, այդ թվում նաև՝ քաղաքական հարցերի վերաբերյալ: Պնդումը, թե երկրի կենսական խնդիրների վերաբերյալ տեսակետ արտահայտելու համար նախ պիտի բարձրաձայնես քաղաքական նպատակներիդ մասին, այն էլ սոցիալական ցանցերի մեր դարում՝ ծանր դեպք է քաղաքավարության շրջանակներում բնութագրելու համար: Սահմանադրության 27-րդ հոդվածով էլ կարծես թե նման որևէ նախապայման չի ենթադրվում (սա ի գիտություն արդարադատության նախարարի պաշտոնակատարի): Ավելին, այստեղ խոսքը գնում է մի մարդու կարծքի մասին, ով որոշիչ դեր է ունեցել ԼՂՀ պետականության կայացման գործում և տասը տարի հաջողությամբ աշխատել է ՀՀ նախագահի պաշտոնում: Այդպիսի կենսագրություն ունեցող քաղաքական գործիչն ուղղակի իրավունք չունի լռել՝ անկախ ապագայի իր ծրագրերից: 

Վերջում անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ նախագահ Քոչարյանն իր հարցազրույցում չի քննարկել պետական կառավարման այս կամ այն մոդելի առավելություններն ու թերությունները: Նա համարում է (և այդ առիթով հրապարակավ արտահայտվում), որ իմաստնաբար կամ ապաշնորհ կերպով կարելի է երկիրը ղեկավարել ինչպես նախագահական աշխատասենյակից, այնպես էլ վարչապետական: Նայենք ԱՄՆ-ին ու Կանադային, կամ Ֆրանսիային ու Գերմանիային: Դրանք միանգամայն տարբեր պետական կառուցվածք ունեցող հարևան երկրներ են: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նախագահական կամ խորհրդարանական հանրապետության մոդելը չի հաջողությունների ձեռքբերման վճռորոշ գործոնը: Հայաստանի խնդիրները պետական կառավարման մոդելի մեջ չեն: Խնդիրն այն է, թե ինչպես է կառավարվում մեր երկիրը: 
 
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ

Տես 2010-2013թթ. անցկացված հասարակական կարծիքի հարցումների վերաբերյալ մամուլի հաղորդագրությունները, հեղինակներ. CRRC Armenia, IPSC, Gallup Organization և USAID. Հղումներ: 

http://www.crrc.am/hosting/file/_static_content/barometer/2010/arm/CB_2010_Presentation.pdf

http://www.crrc.am/hosting/file/_static_content/barometer/2011/CRRC_CB_2011_Arm.pdf

http://www.crrc.am/hosting/file/_static_content/barometer/2012/CB-2012-Presentation-Arm.pdf

http://www.crrc.am/hosting/file/_static_content/barometer/2013/CB%202013_Public%20Presentation_Armenian.pdf

http://epfinmedia.wordpress.com/2012/09/12/the-main-results-of-the-8th-tour-of-selective-survey-were-published/

http://news.rambler.ru/8420678/

http://www.regnum.ru/news/1521912.html

http://www.regnum.ru/news/1490832.html

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս