Ոստիկանության բաժանմունքներում շարունակվում են բռնությունները
Մարդու իրավունքների տեսակետից առավել խոցելի բնագավառներից է հանդիսանում ոստիակնության հետ քաղաքացիների հարաբերությունները, որին իրենց զեկույցներում անդրադարձել են մի շարք միջազգային կազմակերպություններ:
Արդեն բազմիցս առանձին դեպքերի լուսաբանման և ոստիկանության գործունեության վերաբերյալ զեկույցների և հետազոտությունների միջոցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը վեր է հանում մարդու իրավունքներին խախտումների հանգեցնող պատճառներն ու ներկայացնում դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ:
Յուրաքանչյուր զեկույցի վերաբերյալ ոստիկանությունն իր արձագանքն է հրապարակում, հիմնականում հայտնելով, որ տեղյակ է առկա խնդիրների վերաբերյալ և պատրաստվում է լուծումներ տալ: Բայց ոստիկանության աշխատակիցների ապօրինություններիհետևանքով մարդու իրավունքների խախտման դեպքերը չեն նվազում: Մարդու իրավունքների խախտումների դրսևորման դեպքերն են ապօրինի՝ առանց հիմքի քաղաքացուն բերման ենթարկելը ոստիկանության տարբեր բաժիններ, ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացիների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական ճնշումների, անմարդկային վերաբերմունքի կիրառումը: Չկարողանալով այլևս դիմակայել խոշտանգումներին քաղաքացիները խոստովանում են այնպիսի մեղսագործություններ, որոնց վերաբերյալ նրանք որևէ տեղեկություն նույնիսկ չեն ունեցել:
Այս ամենը հիմք է տալիս եզրակացնելու, որ խոշտանգումների, բռնության ու ճնշումների միջոցով խոստովանություն կորզելը ոչ թե որևէ աշխատակցի կամ բաժնի գործելաոճ է, այլ այսպես աշխատում է ամբողջ համակարգը:
Ոստիկանության և հասարակության ուշադրությունն ենք ցանկանում հրավիրել ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքների խախտման հերթական փաստի վրա: ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամներ, Արայիկ Զալյանը (ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան) և Արինա Մեծոյանը (Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ) 2014թ. մարտի 27-ին Արթիկ քրեակատարողական հիմնարկ կատարած այցելության ժամանակ հանդիպել են նույն քրեակատարողական հիմնարկի կալանավորներ` Ռոբերտ Մուրադյանին, Անդրանիկ Մխիթարյանին և Ջոն Մարտիրոսյանին, ովքեր հայտնել են, որ ոստիկանության աշխատակիցների կողմից նրանց նկատմամբ կիրառվել է անմարդկային վերաբերմունք՝ ցուցմունքներ կորզելու նպատակով: Ռոբերտ Մուրադյանը հայտնել է, որ 2013 թ. հոկտեմբերի 27-ին Գյումրու Ոստիկանության Մուշ բաժանմունքի աշխատակից Արթուր Գրիգորյանը գնացել է իրենց տուն, նրա մորը՝ Շողիկ Մուրադյանին փոխանցել է իր հեռախոսահամարը և հայտնել է, որ Ռոբերտ Մուրադյանը պետք է ներկայանա ոստիկանություն:
Նույն օրը Ռ. Մուրադյանը ներկայացել է ոստիկանության Մուշ բաժանմունք, որտեղ ինչպես հայտնել է Մուրադյանը Գյումրու Ոստիկանության Մուշ բաժանմունքի տարբեր աշխատակիցների կողմից ենթարկվել է բռնությունների, ծեծի և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի: Ռոբերտ Մուրադյանը պնդում է, որ հարցաքննության ժամանակ ոստիկանության աշխատակիցները սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել նրա և նրա մորը հասցեին, բռնություն են գործադրել նրա նկատմամբ` նվաստացնելով նրա արժանապատվությունը:
Արդյունքում բռնության միջոցով ոստիկաններին հաջողվել է իրենց ցանկալի ցուցմունքները կորզել Ռ. Մուրադյանից: Անդրանիկ Մխիթարյանը հայտնել է, որ որ նա Գյումրի քաղաքում աշխատում է տաքսու վարորդ: 2013թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատանքը կատարելու ընթացքում կանգ է առել մթերային խանութի մոտ և մտել խանութ: Խանութից դուրս գալով տեսնում է, որ ոստիկանության մի խումբ աշխատակիցներ հավաքված են իր մեքենայի կողքը: Մոտենում է նրանց և հարցնում, թե ինչ է պատահել, նրան չեն պատասխանում: Երբ նա հայտնում է, որ ինքը հանդիսանում է տվյալ մեքենայի վարորդը, ոստիկանության աշխատակիցներն անմիջապես հարձակվում են նրա վրա, հայհոյանքներ տալիս նրա հասցեին:
Ա. Մխիթարյանը նշել է, որ ոստիկանության աշխատակիցները այնպես են հարձակվել իր վրա, որ իր «ձեռքի ծխախոտը աչքն է մտել», այնուհետև նստեցրել են «Օպել» մակնիշի մեքենան և շարունակել են մեքենայում հարվածներ հացնել նրան:
Ոստիկանության աշխատակիցները սպառնացել են նրան, որ նա չի պատկերացնում, թե ինչ են անելու նրան, եթե չասի, թե որտեղ են իր հետի տղաները, որոնց հետ միասին հանդիպել են ռուս զինվորներին: Նա պատմել է իր ուղևորների մասին, բայց ոստիկանության աշխատակիցները չհավատալով նրան` շարունակել են հարվածել և հայհոյել: Ավելի ուշ նրան տեղափոխել են ոստիկանություն, այնուհետև քաշքշելով նրա վրա գոռալով բարձրացրել են ոստիկանության պետի մոտ:
Պետին ներկայացրել են, որ Անդրանիկն է թալանել ռուսներին: Չդիմանալով սպառնալիքներին, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքին, Մխիթարյանը կատարել է Ոստիկանության աշխատակիցների պահանջը և գրել իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ: Ջոն Մարտիրոսյանը հայտնել է, որ 2013թ. հոկտեմբերի 22-ին, երբ ինքը նույնպես գտնվել է ոստիկանությունում և, ըստ նրա հավաստման, լսել է կողքի սենյակից ծեծի ձայներ, որոնք եղել են Անդրանիկ Մխիթարյանի ձայները:
Այս անձանց իրավունքի խախտման փաստով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հանցագործության մասին հաղորդում է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վ.Շահինյանին և ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, որում մասնավորապես նշվում է.
«դիմում եմ Ձեզ քրեական գործ հարուցելու, Ռոբերտ Մուրադյանին, Անդրանիկ Մխիթարյանին խոշտանգած, հոգեբանական ճնշումների ենթարկած ոստիկանության աշխատակիցներին հայտնաբերելու և համապատասխան պատասխանատվության ենթարկելու պահանջով»:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ