Ոչխարները գարնանն են խուզում
Ինքնատիպ մարդ է Հայաստանում Նորվեգիայի թագավորության պատվո հյուպատոս Թիմոթի Դեյվիդ Սթրայթը. նրա գաղափարն է եղել՝ Հայաստանում անցկացնել ոչխարների խուզման փառատոն. գաղափարը «Տաթևի վերածնունդ» հիմնադրամի կողմից արժանացել է հավանության: Եվ ահա մայիսի 3-ին Սյունիքի մարզի Հալիձոր համայնքում տեղի է ունենալու ոչխարների խուզման՝ Հայաստանում և տարածաշրջանում առաջին փառատոնը:
2001թ. Ապրիլից Թիմոթի Դեյվիդ Սթրայթնաշխատում էՀայաստանում և պաշտոնավարության ընթացքում ոչ միայն դիվանագիտական, այլև բիզնեսի աջակցման ծրագրեր է իրականացնում: Նորվեգիայի պատվավոր հյուպատոսի հիմնած «Հայրենիքի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամը չորս տարի առաջ Հայաստանի հատկապես հեռավոր ու թերի ենթակառուցվածքներ ունեցող համայնքներում սկսել է հայկական ավանդական կենցաղը փոքրիկ բիզնես ծրագրերի տեսքով ներկայացնել աշխարհին: Ոչխարների խուզման փառատոնը նույնպես հեռավոր համայնքի վրա ուշադրություն հրավիրելու նպատակ ունի:
Սակայն Թիմոթի Դեյվիդ Սթրայթը չէ, որ սյունեցիներին պետք է հուշեր, թե ոչխարները գարնանն են խուզում: Սյունիքի մարզը տասնամյակներ շարունակ եղել է Հայաստանում ոչխարաբուծության ավանդույթների պահպանման առաջատարներից: Այլ հարց է, որ վերջին տարիներին առհասարակ, ամբողջ հանրապետությունում է անկում ապրել ոչխարաբուծությունը: Խորհրդային Միության տարիներին այս ոլորտում հնչող կլոր թվերն այլևս չկան:
Ինչպես 168.am-ին հայտնեց Գյուղնախարարության Անասնաբուծության և անասնաբուժության բաժնի պետ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հովհաննիսյանը, այսօր ամբողջ հանրապետությունում ոչխարաբուծությունը զարգանում է իր հնարավորությունների ոչ ամբողջական մասով, մինչդեռ այն հեռանկարային ու եկամտաբեր ճյուղ է:
Սյունիքում, օրինակ, 100000 հա արոտավայր կա, ինչը հնարավորություն է տալիս այսօրվա մարզի ունեցած 102 000 ոչխարի ու այծի փոխարեն՝ արածեցնել 3-4 անգամ ավելի: Առհասարակ, ամբողջ հանրապետությունում ոչխարաբուծության հնարավորությունները կարող են հասնել մինչև 1,5 միլիոնի՝ այսօրվա 675000 ոչխար ու այծի փոխարեն:
Ոչխարների խուզման փառատոնը ոչ միայն ուրախ ու զվարճալի միջոցառում է լինելու, այլև նպատակ ունի այցելուների և մասնագետների ուշադրությունը հրավիրել ոլորտում առկա հնարավորությունների վրա:
Ինչպես ոչխարաբուծությունը, այնպես էլ խուզման փառատոներն աշխարհում նոր չեն: Խուզման փառատոների մասին 168.am-ին հետաքրքիր տվյալներ հայտնեց փառատոնի կազմակերպիչ, «Տաթևի վերածնունդ» ծրագրի տնօրեն Արեն Ափիկյանը. «Նմանատիպ փառատոներ անցկացվում են նաև այլ երկրներում: Մենք ուսումնասիրել ենք շոտլանդական, իռլանդական և նորզելանդական փառատոների փորձը, սակայն մեր փառատոնը լինելու է յուրահատուկ:
Երբ 2012թ. Լոնդոնում անցկացվում էին Օլիմպիական խաղերը, Նոր Զելանդիայի «Federated Farmers» ֆերմերների միավորումը հանդես եկավ առաջարկությամբ` ոչխարների խուզումը ներառել Օլիմպիական խաղերի ծրագրում: Ոչխարների խուզումը «Նոր Զելանդիա Սպորտ» կազմակերպության կողմից ճանաչված է որպես սպորտաձև, իսկ 2008թ. Ավստրալիայում ոչխարների խուզման Սպորտի կոմիտեն, որը կարգավորում է երկրում մրցույթների անցկացումը, առաջարկել էր սպորտաձևն ընդգրկել Պեկինյան օլիմպիական խաղերի կազմում»:
Ինչպես ավելացրեց Արեն Ափիկյանը, Հայաստանում այս փառատոնն աչքի է ընկնելու հայկական ավանդական կենցաղի համադրմամբ: Այցելուների համար Հալիձոր ու մերձակա համայնքների բնակիչները ցուցադրելու են մոռացված ավանդույթներ, ոչխարի պատկերով ու առնչվող խորհրդանիշերով ձեռագործ աշխատանքներ, կարպետագործություն, ներկայացնելու են թելի ստեղծման պատմություն, ազգային երգ ու պարեր, տեղի են ունենալու մրցույթներ, շրջայց է կատարվելու զբոսաշրջային գոտի ճանաչված տարածքով:
Արդեն բազմաթիվ հայ և օտար զբոսաշրջիկներ, տարբեր մասնագիտություններ ունեցող մարդիկ են հայտնել փառատոնին իրենց մասնակցության մասին, ինչը հիմնադրամին հուշում է առհասարակ նման յուրահատուկ փառատոները դարձնել ավանդական:
…Ոչխարները խուզեցին, բուրդը մթերել է պետք: Ինչպես նշում է գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հովհաննիսյանը, բրդի մթերման հնարավորություններն այսօր նույնպես մեր հանրապետությունում ամբողջությամբ չեն օգտագործվում. տարեկան 1400 տոննա բուրդ է արտադրվում, սակայն պետությունը միայն 500-600 տոննան է կարողանում մթերել: Մինչդեռ նաև այս ոլորտում էլ են խորհրդային թվերը խոսուն և հնչեղ եղել: Առհասարակ, ոչխարաբուծության հետ կապված ոչինչ անծանոթ չէր Խորհրդային Միությանը: Նույնիսկ նմանատիպ խուզման մրցույթներ են անցկացվել: Աշոտ Հովհաննիսյանը հիշում է, որ համամիութենական խուզման մրցույթների հաղթողների մեջ անգամ հայեր են եղել, իսկ այսօր աշխարհում անցկացվող նման մրցույթների հաղթողները հիմնականում թուրք կամ քուրդ են. նրանք ռեկորդ են սահմանել՝ մեկ րոպեում խուզելով մեկ ոչխար: