Զարդաքարի ընտրությունը` ըստ արյան խմբի, ամսի, շաբաթվա օրերի…

Բուժիչ նամակներ

Թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերը, շունգիտը, նույնիսկ սովորական կայծքարը կարող են նպաստել առողջության պահպանմանը և ծառայել` որպես հուռութ։ Սակայն հնարավոր է և հակառակը։

Ինչպե՞ս անել, որպեսզի մեր նախընտրած իրն աշխատի ի նպաստ մեզ։
Կարևոր է իմանալ, որ էլեկտրամագնիսական դաշտերն առկա են ոչ միայն մեզ շրջապատող մթնոլորտում, այլ նաև բույսերի, կենդանիների և առաջին հայացքից` անկենդան թվացող առարկաների, հատկապես` զարդաքարերի մեջ։ Մեկի վրա այդ դաշտը կարող է ունենալ բարենպաստ ազդեցություն, մի այլ դեպքում` ուժեղացնել օրգանիզմում գոյություն ունեցող հիվանդագին դրսևորումները։

Բժշկության ճյուղերից է քարաբուժությունը, նույնն է` «լիտոթերապիա», որն ուսումնասիրում է քարերի ադեցությունը մարդու առողջության վրա։
Օրինակ, օբսիդիանն օգտագործում են ստամոքսաբորբի, երիկամների հիվանդությունների, հիպերտոնիայի դեպքում, նպաստում է օրգանիզմի դիմադրողականության` իմունային համակարգի ամրապնդմանը։ Օբսիդիանը հրաբխային ծագում ունեցող ապակի է, լինում է սև, մոխրագույն, դեղին, կարմիր և շագանակագույն։ Պահպանում է վատ արարքներից, մեղք գործելուց, օգնում է գիտակցել և շտկել բնավորության բացասական կողմերը։

Կարդացեք նաև

Նռնաքարը պահպանում է թունավորումից, կարգավորում է շնչառությունը, մարսողությունը և արյան շրջանառությունը, ուժեղացնում է իմունային համակարգը, հեշտացնում է ծննդաբերությունը։

Հավատարմության, հույսի, նվիրվածության և ուժի խորհրդանիշ է, վանում է տխրությունը, խթանում է սիրո զգացումը, կամքի ուժը, դիմացկունությունը։
Մեծ Բրիտանիայի ոսկերիչների ասոցիացիան պարզել է, որ քարի գույնն ընտրելիս ցանկալի է, որ հաշվի առնեք ձեր ծնված ամիսը։

Հունվարի գույնը` մուգ կարմիրն է, համապատասխանում է նռնաքարը։
Փետրվար` մանուշակագույն` օրինակ ամետիստ։
Մարտ` բաց երկնագույն, ակվամարին։
Ապրիլ` թափանցիկ-անգույն, ադամանդ, լեռնային բյուրեղ։
Մայիս` մուգ կանաչ, զմրուխտ։
Հունիս` կրեմագույն, մարգարիտ կամ լուսնաքար։
Հուլիս` կարմիր սուտակ (ռուբին)։
Օգոստոս` բաց կանաչ, խրիզոլիտ։
Սեպտեմբեր` մուգ կապույտ, շափյուղա (սապֆիր)։
Հոկտեմբեր` գույնզգույն։
Նոյեմբեր` դեղին, տպազիոն (տոպազ)։
Դեկտեմբեր` երկնագույն, փիրուզ։

Իրենց համապատասխան քարը և մետաղն ունեն նաև շաբաթվա օրերը.
Երկուշաբթի։ Մետաղն է արծաթը, քարերը` մարգարիտ, լուսնաքար, բյուրեղ, սելենիտ։
Երեքշաբթի։ Մետաղը` երկաթ, քարերը` հակինթ, մարջան, կարմիր հասպիս (նույնն է` յաշմա), մագնետիտ։
Չորեքշաբթի։ Մետաղը` արծաթ, ոսկի, քարերը` ագաթ, լեռնային բյուրեղ, մարգարիտ, խրիզոլիտ։
Հինգշաբթի։ Մետաղը` անագ։ Քարերը` բաց կապույտ փիրուզ, լազուրիտ, շափյուղա, մարմար։
Ուրբաթ։ Մետաղը` պղինձ, քարերը` բերիլ, փիրուզ, զմրուխտ, չարոիտ, մարգարիտ։
Շաբաթ։ Մետաղը` արճիճ։ Քարերը` հասպիս, օնիքս, տոպազ։
Կիրակի։ Մետաղը` ոսկի։ Քարերը` նռնաքար, օնիքս, սուտակ, խրիզոլիտ, ադամանդ։

Արյան խումբը և քարի ընտրությունը
Երբ Կիպլինգի հերոսներից Մաուգլին արտասանում էր իր թևավոր դարձած խոսքը` վայրի գազաններն ընկերանում էին իր հետ։ Պարզվում է, որ քարերը նույնպես կարելի է «ընտելացնել»։ Կարևոր է, որպեսզի քարի գույնը համապատասխանի արյան խմբին։

Նման «սնահավատությունն» ունի իր գիտական հիմնավորումը։ Հայտնի է, որ բնավորության գծերը մեծապես կախված են արյան խմբից, իսկ համապատասխանող քարի ընտրությունը հիմնված է հազարամյա փորձի վրա։
Ամենատարածվածն արյան 2-րդ խումբն է. հանդիպում է Երկիր մոլորակի բնակչության 40 տոկոսի մոտ։

Այս խմբին պատկանող մարդիկ աչքի են ընկնում հանգիստ բնավորությամբ, կազմակերպված են, արագ են հարմարվում նոր շրջապատին, հակված են հանրային համագործակցության։

Խորհուրդ է տրվում կրել ցանկացած կապույտ երանգի քարեր։
Մոլորակի բնակչության 30 տոկոսի արյունը պատկանում է 1-ին խմբին։ Նրանք աչքի են ընկնում ակտիվությամբ, բարձր կամային որակներով, իշխելու ակնհայտ ցանկությամբ, որպես օրենք` առաջատար դիրքերում են։

Նման հզոր էնեգետիկայով օժտված մարդկանց խորհուրդ է տրվում կարմիր և վարդագույն քարեր` սուտակ, նռնաքար, մարգարիտ, տուրմալին։
Արյան 3-րդ խումբը բնորոշ է երկրի բնակչության 20 տոկոսին։ Աչքի են ընկնում մտքի ճկունությամբ, հակված են ստեղծագործ աշխատանքի, նպատակաուղղված են դեպի նորը` ցանկացած ասպարեզում։

Խորհուրդ են տրվում կարմիր-բաց կապույտ և կանաչ-նարնջագույն համադրությունները։ Օրինակ` ամետիստ, ավանտյուրին, չարոիտ քարերը։
Արյան 4-րդ խումբ ունեցող մարդկանց անվանում են «հանելուկային»։ Սովորաբար նրանք հակված են ստեղծագործ կյանքի, բաց են շփումների համար և միաժամանակ` ինքնամփոփ։

Չորրորդ խմբի արյուն ունեցողներին խորհուրդ է տրվում կրել կանաչ և կապույտ երանգի զարդաքարեր` զմրուխտ, մալախիտ և այլն։

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

Տեսանյութեր

Լրահոս