Քառյա՞կը կմիանա Հովիկ Աբրահամյանին, թե՞ հակառակը
Երեկ խորհրդարանական քառյակը հերթական նիստն էր գումարել, որի արդյունքում որոշվել է, որ քառյակը շարունակելու է գործել և շարունակելու է հանրությանը հուզող խնդիրների լուծման նպատակով հանդես գալ համատեղ նախաձեռնություններով:
Երեկ այս մասին քառյակի հանդիպումից հետո ավետեց ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը: Մարգարյանը տեղեկացրեց, որ այդ նախաձեռնությունները կրելու են ինչպես օրենսդրական բնույթ` խորհրդարանում համատեղ օրենքի նախագծեր ներկայացնելու միջոցով, այնպես էլ համատեղ հանդիպումներ և հանրահավաքներ կազմակերպելով: Հատկապես համատեղ հանրահավաքներ կազմակերպելու որոշումը շատ կարևոր է, քանի որ քառյակը, չնայած համատեղ հանրահավաք կազմակերպելու մասին բազմաթիվ հայտարարություններին, այդպես էլ ոչ մի նման միջոցառում չի նախաձեռնել:
Կազմակերպեն, որ ի՞նչ ասեն:
Բայց արդյո՞ք Ստեփան Մարգարյանը մինչև վերջ անկեղծ է, երբ ասում է, որ քառյակը գործում է: Իսկ միգուցե սա այն քառյակը չէ, որ կար մեկ ամիս առաջ, այլ ձևավորվել է նոր քառյակ: Ինչո՞ւ ենք այդպես ասում. որովհետև այն խնդիրները, որ դրել էր իր առջև այն քառյակը, որը գործում էր մեկ ամիս առաջ` մինչև վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը, բոլորովին այլ էին, քան այն խնդիրները, որոնք քառյակը փորձում է լուծել այժմ: Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ, մինչև վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը, քառյակն իր առջև խնդիր էր դրել հասնել երկրում համակարգային փոփոխությունների:
Իսկ երեկ Ստեփան Մարգարյանը հայտարարում է, որ իրենց խնդիրը հանրությանը հուզող խնդիրների լուծումն է: Այդ նպատակով արդեն երրորդ շաբաթն անընդմեջ քառյակը քննարկում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Սա հանրությանն իսկապես մտահոգող հարց է, բայց այդ հարցի լուծումը չի կարող որևէ համակարգային փոփոխության հանգեցնել:
Կուտակային կենսաթոշակների հարցը մտահոգում է նաև իշխանությանը: Երեկ քառյակի հանդիպմանը մասնակցում էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը, և քառյակի անդամները` նրա հրաժարականը պահանջելու փոխարեն, նրա հետ քննարկել են օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Նրանք վարչապետ Աբրահամյանին առաջարկել են օրենքից հանել «պարտադիր» բառը, Աբրահամյանն էլ խոստացել է այդ առաջարկը քննարկել և պատասխանել: Կարելի է ասել, որ բավական արդյունավետ քննարկում է եղել. հնարավոր է, որ այդ քննարկման արդյունքում քառյակը կարողանա հասնել հասարակությանը հուզող խնդրի լուծմանը:
Ստեփան Մարգարյանը պատասխանելով հարցին, թե քառյակը քննարկել է կառավարության ծրագրի նկատմամբ միասնական դիրքորոշում արտահայտելու հարցը, հայտարարեց, որ դեռ կառավարությունը պետք է ներկայացնի իր ծրագիրը, իրենք ծանոթանան դրան, որից հետո միայն կարտահայտեն իրենց դիրքորոշումը: Ստացվում է, քառյակը կարևորում է կառավարության ծրագրի բովանդակությունը, և եթե այն լավ ծրագիր լինի, ապա չի բացառվում, որ քառյակը կամ դրան անդամակցող առանձին կուսակցություններ կարող են դրականորեն վերաբերվել կառավարությանը:
Ստեփան Մարգարյանը պատասխանելով հարցին, թե քառյակի օրակարգում կա՞ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարց, ասում է, որ նման հարց չկա, քանի որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը բարդ ընթացակարգ է ենթադրում: Մարգարյանն ուզում է ասել, որ իրենք չգիտեն, թե ինչպես կարելի է հասնել գործող խորհրդարանի լուծարմանը, որպեսզի դրան հետևի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
Բայց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հայեցակարգ առաջարկել էր ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը, ով ապրիլի 9-ի իր հարցազրույցում առաջարկել էր, որ քառյակը հանդես գա կառավարության ծրագրի հաստատման դեմ, կարողանա տապալել այդ ծրագիրը և ստիպի Սերժ Սարգսյանին լուծարել խորհրդարանը:
Սա չափազանց անիրատեսական սցենար է թվում հատկապես հիմա, երբ քառյակի ներկայացուցիչները վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ քննարկում են «հասարակական հնչեղություն ունեցող հարցեր», այնպիսի հարցեր, ինչպիսին կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ պայքարն է: Հնարավոր է, որ երկուշաբթի օրը Հովիկ Աբրահամյանը հայտարարի, որ ինքը ևս կողմ է «պարտադիր» բաղադրիչն օրենքից հանելուն, և կստացվի, որ քառյակը և վարչապետը համախոհներ են: Դրանից հետո քառյակը կարող է հանդես գալ հայտարարությամբ, որով կտեղեկացնի, որ իրենց կազմն ընդլայնվել է, և իրենք այլևս հանդես են գալու` որպես հնգյակ: