Ցուլի փոխարեն՝ արհեստական բեղմնավորում (տեսանյութ)
Գորայքում նոր տեխնոլոգիաներ են ներդրվում
Ամուլսարի ոսկու հանքավայրի ազդակիր համայնքներից Գորայքում այս տարի մեկնարկել է խոշոր եղջերավոր անասունների արհեստական բեղմնավորման ծրագիրը: Հանքավայրի ծրագիրն իրականացնող «Գեոթիմ» ընկերության աջակցությամբ Միացյալ Նահանգներից ներկրվում է բարձր մթերատու անասունների սերմնահեղուկ և տեղական կովերի բեղմնավորում է կատարվում: Ծրագրի ընդհանուր արժեքը 3 մլն 571 հազար դրամ է: Արհեստական եղանակով արդեն բեղմնավորվել է 97 գլուխ անասուն, և նոյեմբերին սպասվում է առաջին հորթուկների ծինը: Ծրագրի ղեկավար, Գորայքի հարևան Սառնակունք համայնքի գյուղատնտեսական և անասնաբուժական կենտրոնի տնօրեն, անասնաբույժ Սուրեն Վարդանյանն ասում է, որ ծրագիրն իրականացվում է ժամանակակից սարքավորումներով ու տեխնոլոգիայով, նաև ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են 2 զոոտեխնիկ մասնագետներ:
«Գորայքում նորմալ անասնագլխաքանակ չունեին, շատ ցածր մթերատու կենդանիներ էին, որ տարեկան 1500-2000 լիտր կաթ էին տալիս: Սպասվող սերունդը կրկնապատիկ կաթ կտա: Գորայքի բնակչության ճնշող մեծամասնությունն իր ապրուստը հոգում է անասնապահությամբ, և այս ծրագիրը մեծ աջակցություն է ֆերմերներին»,- նշում է Ս. Վարդանյանը:
Գորայքում գրանցված 502 քաղաքացիներից գյուղում փաստացի բնակվում է 444-ը: 2014 թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվառվել է 1329 խոշոր եղջերավոր անասուն: Արհեստական բեղմնավորման ծրագրի շահառուները պաշտոնապես 78 ֆերմերներ են, բայց, ըստ Ս. Վարդանյանի, անասուն ունեցող ոչ մի գյուղացի չի անտեսվի, և յուրաքանչյուր տանը 2 կով անվճար արհեստական սերմնավորվելու է:
«Արհեստական սերմնավորմամբ ծնված անասունները հենց առաջին օրից ֆերմերին օգուտ են: Այս ցեղային հորթերին գյուղացին չի վաճառի, կպահի, կբազմացնի, այսինքն` անասնաբուծությունը կզարգանա: Սա ապացուցում է, որ գյուղատնտեսությունն ու հանքարդյունաբերությունը համատեղելի են»,- կարծում է անասնաբույժը:
Սերմնավորող տեխնիկ Արմեն Հովհաննիսյանի կարծիքով` եթե նախկինում հորթը վաճառում էին 30 հազար դրամ, հիմա 70 հազարով են վաճառում, ու գնորդները շատ են.
«Մեր գյուղացիներին օգուտ ենք տալիս, սերմնավորում ենք, բարձր մթերատու կենդանիներ են ստացվում: Աշունը` նոյեմբերին, կսկսվի ծինը, լավ ծրագիր է, շնորհակալություն «Գեոթիմին»»:
Ծրագրի շահառու Հրանտ Կարապետյանի խոսքով` համայնքի բնակիչների զբաղմունքը գյուղատնտեսությունն է, հիմնականում` անասնապահությունը, ոչ մի աշխատատեղ չկա. «Սպասում ենք, թե երբ է հանքը բացվելու, որ մարդիկ աշխատանք ունենան: Պետական օգնությունը սուտ է, ոչ մեկն էլ չի հոգում մեր մասին, իսկ «Գեոթիմն» արդեն քանի տարի աջակցում է, ու մենք ուրախ կլինենք, որ հանքը բացվի, մարդիկ լավ կապրեն»:
«Սերմնավորման արդյունքում կաթնատվությունն է բարձրացել, ժողովուրդը բարգավաճ կապրի,- ասում է Կարապետյանն ու անմիջապես հավելում, -Բացի գյուղատնտեսությունից, այլ բնագավառներում էլ են օգնում` մշակույթի տունն են վերանորոգել, փողոցներում լուսավորություն են անցկացրել»:
Գորայքի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Մարիետա Գրիգորյանը պատմում է, որ բացի անասնաբուծությունից, ընկերությունն աջակցում է բանջարաբուծությանը, «Գեոթիմի» հովանավորությամբ 2 ջերմոց է կառուցվել, այս տարի ևս 10-ը կկառուցվի: Ըստ նրա` անցած տարի համայնքի երիտասարդությունը մնացել էր գյուղում, սարում ու լաբորատորիայում էին աշխատում, բայց հանքի բացումն ուշացավ, և օրերս 7 երիտասարդ մեկնել է Ռուսաստան. «Հանքի բացումը երիտասարդների համար աշխատանք է, կմնան կաշխատեն ու չեն գնա ՌԴ: Բացի դրանից, տարբեր ծրագրեր են անում, օրինակ` անցած տարի բժշկական ծրագիր իրականացրին, հիվանդներին անվճար հետազոտում էին, տանում Երևան` համապատասխան մասնագետների մոտ: Գյուղացու համար ինչքան էլ օգուտ տան, մեծ բան է, որովհետև ինչքան էլ գյուղացին աշխատի, մեծ քայլեր չի կարողանում անել»:
Ներկայումս «Գեոթիմի» աջակցությամբ վերանորոգվում է համայնքի առողջության կենտրոնը, կառուցվում է ատամնաբուժարան: Կենտրոնի տնօրեն Կարինե Հարությունյանը, ով 2009-ից աշխատում է համայնքում, նշում է, որ խոնավության պատճառով շենքը հաճախ է վերանորոգման կարիք ունենում. «Պատերը շուտ բորբոսնում են, անգամ, եթե դեղորայքը բացում ես, պետք է շտապ օգտագործել, անմիջապես խոնավանում է»: Ըստ նրա, ընկերության աջակցությամբ կենտրոնը համալրվել է նաև բժշկական սարքավորումներով` սոնոգրաֆ ապարատով, ցենտրիֆուգով և այլն:
«Շրջկենտրոնից շատ հեռու է գտնվում գյուղը` մոտ 40 կմ հեռավորության վրա: Սարքավորումները շատ են օգնում: Նաև միջազգային ճանապարհին է հարում կենտրոնը, և վթարների դեպքում դիմում են կենտրոն, որտեղ առաջին օգնության համար անհրաժեշտ ամեն ինչ կա»,- ասում է Կ.Հարությունյանը:
«Որպես պատասխանատու հանքարդյունաբերական կազմակերպություն` մեզ համար շատ կարևոր է աշխատել ոչ միայն ազդակիր, այլև գործընկեր համայնքների հետ, այսինքն` ուժեղ, կայացած, տնտեսապես զարգացած համայնքների հետ: Ուստի մեր սոցիալական ծրագրերը կառուցվում են այդ տրամաբանության ու գաղափարախոսության շրջանակներում, որն իր մեջ ընդգրկում է ոչ միայն ենթակառույցների վերանորոգում, օրինակ` բուժկետի, դպրոցի շենքի (այս տարի կունենան նոր դպրոց), այլև զարգացման ծրագրեր»,- նշում է «Գեոթիմի» սոցիալական զարգացման ծրագրերի ղեկավար Նառա Ղազարյանը:
Նրա խոսքով` ենթակառույցների վերանորոգման ծրագրերը ենթադրում են նաև տեղական կարողությունների հզորացում: Օրինակ` անցած տարի «Ապավեն» կազմակերպության հետ միասին` «Գեոթիմը» ծրագիր իրականացրեց, որով տեղի համայնքներին տրամադրվեց ոչ միայն բժշկական սարքավորումներ, կատարվեց իրազեկում, այլև կազմակերպվեց կարողությունների հզորացում:
«Մենք հավատացած ենք, որ անասնապահությունը, գյուղատնտեսությունը և հանքարդյունաբերությունը համատեղելի են, եթե ընկերությունը պահպանում է բարձր բնապահպանական չափանիշները: Մեր ընկերությունն արդեն 3-րդ տարին այս գյուղում գյուղատնտեսական ծրագրեր է իրականացնում, նոր տեխնոլոգիաներ ենք ներդրել գյուղատնտեսության մեջ, այս տարի` նաև անասնապահության մեջ, և բավականին տարբերություն կա: Այդ բնագավառները երկարատև ներդրումների կարիք ունեն, 1 տարով գյուղը չի ծաղկի, պետք է շարունակական աշխատել, ու մենք հենց այդպիսի նպատակ ունենք»,- նշում է Ն.Ղազարյանը: