
Մերկելը Պուտինին կոչ է արել հրապարակավ դիմել Ուկրաինայի արևելքում գործող անջատողականներին

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գերմանիայի կանցլերի ներկայացուցիչ Շտեֆեն Շեյբերտը: Նրա խոսքերով՝ հեռախոսազրույցի ժամանակ Մերկելը Պուտինին կոչ է արել հրապարակավ դիմել Ուկրաինայի արևելքում գործող անջատողականներին, որպեսզի նրանք վայր դնեն զենքը:
Հեռախոսազրույցի ժամանակ Մերկելը սպառնացել է, որ իրավիճակի ապաէսկալացման բացակայության դեպքում ԵՄ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ:
Մերկելը հիասթափություն է հայտնել ապրիլի 17-ին Ժնևյան համաձայնագրի ստորագրումից հետո Ռուսաստանի պահվածքի կապակցությամբ, քանի որ կարծել է, թե Ռուսաստանն ակտիվորեն ձեռնամուխ կլինի դրա կետերի իրագործմանը: