«Օլիգարխիայի կառավարությունն» ու «անօրակարգ քառյակը». «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Հին դեմքերով նոր կառավարությունից հավանական սպասելիքների շուրջ «Առավոտի» հետ զրույցում «ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանն ասաց. «Ես այդ կառավարությունն անվանել եմ և անվանելու եմ օլիգարխիայի կառավարություն, որովհետև այն բացառապես ներկայացնում է երկրում ֆինանսական և քաղաքական միացյալ կարողություններ ունեցող անձանց»։

Նրա կարծիքով՝ այդ քայլով Սերժ Սարգսյանը փորձում է այդ մարդկանց ունեցվածքը բերել տնտեսություն՝ որպես ներդրում. «Բայց կարծում եմ, որ դա տեղի չի ունենալու, և այս կառավարությունից մեծ փոփոխություններ սպասել պետք չէ։ Ես ավելի քան վստահ եմ, որ այն անցումային կառավարություն է»։

Քաղաքագետ Մանվել Սարգսանն էլ աոանձնապես տպավորված չէ հին դեմքերով նոր կառավարության աոաջին նշանակումներով. «Միայն Դավիթ Հարությունյանն է կարծես թե բավականին հաճելի նշանակում կառավարությունում։ Բնական է, որ դա մտածված քայլ է, և որոշել են, որ ինքն այդ գործը կարող է անել։ Նաև տրամաբանություն է երևում նոր վարչապետի մակարդակի հետ կապված, բնական է, կողքին պետք է գրագետ մարդ լիներ»։ Ընդհանրապես, Մ. Սարգսյանն ի սկզբանե էլ այն սպասելիքը չի ունեցել, որ ինչ-որ բան պետք է փոխվի. «Խնդիրն այն չէր, որ կառավարությանը վատ էր աշխատում, դրա համար էլ վարչապետ է փոխվել։ Ուրիշ խնդիրներ կան, որոնց մասին չի խոսվել։ Ամեն մեկը տարբեր ձևով է մեկնաբանում։ Բայց չեմ կարծում, որ խնդիրը եղել է այն, որ կառավարությունը կադրային զարգացում պիտի ապրեր։ Այդպիսի բան չկա։

Հակառակը՝ խոսվում է այն մասին, որ ինչ-որ խոշորացում է գնալու, արհեստականորեն միացվելու են ինչ-որ նախարարություններ, եթե դա էլ լինի ՝ կնշանակի, որ ինչ-որ կենտրոնացում է գնում հենց կառավարության ստրուկտուրայի մեջ, որը չգիտեմ՝ ինչ է նշանակում և նպատակը որն է»։

Որոշ վերլուծություններում արդեն աշնանը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են կանխատեսվում։ Ստեփան Սաֆարյանը սակայն, դա պայմանավորում է ոչ թե ներքաղաքական, այլ արտաքին զարգացումներով։ «Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը շատ դրամատիկ ընթացք է ստանում։ Ըստ էության, ճանապարհային քարտեզով նախատեսված միջոցառումների մնացած 30 տոկոսի իրականացումը վտանգավոր է դառնում Հայաստանի համար, քանի որ ուղղակիորեն կարող է բերել տնտեսական համակարգի կոլապսի։ Մյուս կողմից էլ՝ ՌԴ-ն կարծես թե ինքն է Հայաստանին քարշ տալիս դեպի ապագա Եվրասիական միության։ Ճանապարհային քարտեզի միջոցառումների վերջին 30 տոկոսի իրականացման շրջանում, ինչպես Սերժ Աարգսյանն ասաց ՝ կարևոր փուլում, Հայաստանում ուղղակի ֆորս-մաժոր ստեղծվեց։ Չեմ բացառում, որ նույնպիսի ֆորս-մաժոր ստեղծվի նաև աշնանը, երբ կրկին վեր հառնի այդ խնդիրը։ Այդ ճանապարհային քարտեզով Հայաստանի համար առաջ գնալը վտանգավոր է, իսկ ռիսկերի փոխհատուցման մասով ՌԴ-ն կամ ՄՄ-ն որևէ հատկացում չեն էլ պատրաստվում անել։ Հետևաբար, կարծում եմ, ժամանակ շահելու և թայմ-աուտ վերցնելու համար բացառել չի կարելի նաև խորհրդարանի արձակումը»։

Հրապարակումն ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս