Սուրիկ Խաչատրյանի թիկնապահը՝ Զարզանդը, համաներմամբ չի ենթարկվի քրեական պատասխանատվության

2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Կողմերն այժմ ծանոթանում են քրեական գործի նյութերին, որոնք, ըստ նախաքննական մարմնի՝ բաղկացած են 10 հատորից: Քրեական գործով միակ մեղադրյալն այժմ Արտակ Բուդաղյանն է, ով մեղադրվում է սպառնալիքներ տալու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մաս):

«168 Ժամը» Արտակ Բուդաղյանի պաշտպան, Էմիլ Բուդաղյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանից հետաքրքրվեց՝ արդյոք Ս. Խաչատրյանի ավտոմեքենայում տեղի ունեցածին իրավական գնահատական տրվե՞լ է: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ քննիչը Ա. Բուդաղյանին մեղադրանք առաջադրելու մասին որոշման մեջ գրել էր, թե վերջինիս մեղադրանք է առաջադրվում, որ «նա իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ 2013թ. հունիսի 1-ին, ժամը 22:00-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նույնը օրը՝ ժամը 23-ի սահմաններում, մեքենայով գնացել է Ս. Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր անվանմամբ հաշվառված որսորդական հրացանը ձեռքին, իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է տվել Ս. Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին»:

ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը նախորդ տարվա սեպտեմբերին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել էր, որ Ա. Բուդաղյանն առաջին ցուցմունքում հայտնել է, թե՝ եղբորից իմանալով Սդղի գյոլից վերադառնալիս ավտոմեքենայում նրա նկատմամբ կիրառված բռնության մասին, «շարժվել է նախկին մարզպետի տան ուղղությամբ»:

Budaghyans’ attorney Hayk Alumyan is guest in Hayeli press clubՀայկ Ալումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախաքննական մարմինը հաստատված է համարել, որ միջադեպին մասնակցել է միայն Ս. Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը: Փաստաբանի խոսքով՝ նախաքննական մարմինը գտել է, որ վերջինս համաներմամբ չպետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: «Եթե ընդունենք, որ միայն Զարզանդն է դա արել, մյուս գործողություններն այդ մասով ճիշտ են: Բայց ակնհայտորեն միայն Զարզանդը չէր»,- մեզ հետ զրույցում ասաց Հ. Ալումյանը՝ նշելով, որ ուշադրություն չի դարձվել մի քանի հանգամանքների: «Մի քանի փաստարկ կա, որոնցից ոչ մեկը հաշվի չի առնվել,- շարունակեց նա,- Նախ` այսպես են նկարագրում՝ Ավետիքը նստած էր վարորդի հետևում, Զարզանդը նստած էր վարորդի կողքին: Հիմա պատկերացրեք՝ վարորդի կողքին նստածը (մեծ մեքենա է եղել) արդյոք կարո՞ղ էր անկյունագծով գտնվող Ավետիքին հասցնել այդ հարվածները այնպես, ինչպես նկարագրված է: Մեր կարծիքով՝ չի կարող: Դա` մեկ:

Կարդացեք նաև

Երկրորդը. Զարզանդը Ս. Խաչատրյանի ենթական է՝ Ս. Խաչատրյանի թիկնապահ ասենք, օգնական ասենք՝ չգիտեմ: Համենայն դեպս, Ս. Խաչատրյանի աշխատող: Այդ մարդը երբեք չէր համարձակվի առանց Ս. Խաչատրյանի ուղղակի հրահանգի` այդպիսի գործողություններ կատարել:

Երրորդ. Ինչպե՞ս է Ս. Խաչատրյանի կողմը նկարագրում արդեն Սուրիկ Խաչատրյանի տան մոտակայքում տեղի ունեցած դեպքը: Ասում է՝ եկան, ինչ ասես ասում էին Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի հասցեին, գոռում էին, սպառնում էին: Եկեք այդտեղ տրամաբանություն գտնենք: Եթե Ս. Խաչատրյանը տեղյակ չի եղել, եթե Զարզանդն է հարվածել Ավետիքին՝ տրամաբանությունը ո՞րն է, որ երկու եղբայրով գալիս են այնտեղ, ու, ըստ Սուրիկ Խաչատրյանի կողմնակիցների՝ նրանց ամբողջ վրդովմունքն ուղղված է Ս. Խաչատրյանին ու նրա ընտանիքին: Այդտեղ ոչ մի տրամաբանություն չկա: Այս ամենից ակնհայտ է դառնում, որ այսօր քննիչների կողմից առաջ քաշվող վարկածն իրականության հետ ոչ մի ընդհանուր բան չունի: Ո՞ն է նպատակը:

Մենք վաղուց արդեն ասել ենք՝ այս գործով կա մեկ նպատակ՝ ամեն գնով քրեական պատասխանատվությունից հեռու պահել Սուրիկ Խաչատրյանին և նրա մերձավորներին: Բայց մենք նաև ասել ենք, որ շարունակելու ենք պնդել ոչ միայն նրանց, այլև բոլոր նրանց քրեական պատասխանատվության հարցը, ովքեր գործի նյութերը դիտավորյալ չնկատելով, իրականությունից չբխող հետևություններ անելով` օգնել են, որ այդ մարդիկ խուսափեն քրեական պատասխանատվությունից»:

Հ. Ալումյանի խոսքով՝ իրենք ամեն ինչ անելու են, որ քրեական պատասխանատվության ենթարկվեն նաև նրանք, ովքեր «պարտակել են» դեպքը, եթե նման անձինք կան:
Հ. Ալումյանի խոսքով՝ ավտոմեքենայում, բացի Ս. Խաչատրյանից և Զ. Նիկողոսյանից, եղել է նաև վարորդը: Մեր հարցին՝ արդյոք բոլորն էլ ավտոմեքենայում կատարվածի մասին նո՞ւյնն են պատմում, փաստաբանը պատասխանեց. «Իրենք ամենքը տարբեր ձևերով են ասում: Ճիշտ է՝ հետո արդեն զգացվում է, որ իրենց ասածները քիչ-քիչ մոտեցնում են իրար»: Փաստաբանը նաև հավելեց. «Ինչ էլ ասեն՝ դուք միշտ հաշվի առեք, որ այնտեղ կա Սուրիկ Խաչատրյան, և կան մարդիկ, որոնք ամբողջությամբ կախված են նրանից: Նրանք կասեն ուղիղ այն, ինչ կհրահանգավորվեն:

Մեր դիրքորոշումը դա է: Եթե մենք ուզում ենք տեսնել՝ ով է ճիշտ ասում՝ Բուդաղյանների՞, թե՞ Ս. Խաչատրյանի կողմը, մենք չպետք է ամբողջությամբ հիմնվենք կողմերից մեկի ասածի վրա, այլ պետք է նաև քննարկենք այնպիսի բաներ, որոնք ավելի օբյեկտիվ են: Այստեղ եկեք անդրադառնանք հետևյալ հարցին: Եթե Խաչատրյաններն ասում են, որ Բուդաղյանները եկել էին, իրենց ողջ վրդովունքը Ս. Խաչատրյանն էր, այդ ինչպե՞ս պատահեց, որ՝ Զարզանդը՝ կանգնած Ավոյի մեքենայի կողքին (տեսանյութի կադրերում դա երևում է), Արտակ Բուդաղյանը դուրս է եկել ու, Ս. Խաչատրյանի կողմնակիցների ասելով՝ վրդովմունք չի ունեցել Զարզանդի նկատմամբ, այլ` Ս. Խաչատրյանի նկատմամբ: Ո՞րն է տրամաբանությունը, որ մեզ այսօր ասում են՝ Զարզանդն է հարվածել:

Ես այդտեղ տրամաբանություն չեմ տեսնում: Ավելի շուտ` տեսնում եմ տրամաբանություն միայն մեկ առումով. այն ժամանակվա զինդատախազ, հիմիկվա գլխավոր դատախազի, եթե չեմ սխալվում՝ հունիսի 6-ի հայտարարությունից մինչև այսօր, տրամաբանությունն այսպես է գնում: Կա, արվել է հայտարարություն, որ Սուրիկ Խաչատրյանենք մեղք չունեն այս միջադեպի մեջ: Մնացածը՝ նախաքննությունը, քննչական մարմինների գործողությունները, հետևություններն արդեն պետք է համապատասխանեցվեն զինդատախազի հայտարարածին:

Մինչև հիմա այդպես է լինում: Բայց, իրոք, այսպես չի՛ լինելու: Այս մարդիկ չեն կարող հաշտվել այդպիսի ելքին: Այս մարդիկ օրինական, այսպես ասեմ, օրենքին չհակասող ամեն ճանապարհ օգտագործելու են ու երբեք չեն թողնելու, որ այս գործն այսպես ավարտվի: Եթե ինչ-որ մարդկանց համար ամեն ինչի վերջն ինչ-որ տեղից եկած հրահանգն է, այս մարդկանց համար ամեն ինչ չի վերջանում ինչ-որ տեղից եկած հրահանգներով: Այս մարդիկ պայքարելու են, քանի կան:

Ես էլ չլինեմ իրենց փաստաբանը, այլ անձ էլ չլինի, իրենք հնարավորություն են գտնելու՝ պայքարելու օրենքով չարգելված մեթոդներով: Իրենք պայքարելու են: Նորից ասում եմ՝ եթե պարզվի, որ եղել են այնպիսիք, ովքեր օգնել են պարտակել այս հանցագործությունը, նրանց դեմ առանձնահատուկ վրդովմունք կա: Բուդաղյանների կողմից առանձնահատուկ վերաբերմունք է լինելու նաև նրանց նկատմամբ»:

Նշենք, որ ավելի վաղ գործը քննած քննիչը՝ պատասխանելով մեր հարցին, մեջբերել էր Զարզանդ Նիկողոսյանի ցուցմունքից մի հատված: Քննիչ Ա. Ղազարյանի խոսքով՝ ցուցմունքում վերջինս նշել էր. «Սդղի գյոլից Գորիս իջնելիս` մեքենայի մեջ է եղել Ա. Բուդաղյանը: Մեքենայի մեջ կրկին հոգնածության և խմածության պատճառով` Ս. Խաչատրյանը քնել էր, մոտ 2-3 րոպե, այնուհետև աչքերը բացեց Ս. Խաչատրյանը, հարցրեց (իմ համոզմունքով` խմածության և հոգնածության պատճառով)` կողքին ո՞վ է նստած: Ես և Արագածը, բնականաբար, պատասխանեցինք, որ Ավոն է նստած: Նա էլ մեր վրա զայրացավ` ինչո՞ւ ենք այսքան դանդաղ ընթանում, ինչո՞ւ Ավոյին դեռ իրենց տուն չենք իջեցրել: Վայրկյաններ անց Ս. Խաչատրյանը նորից աչքերը փակեց և քնեց: Շատ զարմանալի էր ինձ համար, բայց Ավոն Ս.Խաչատրյանի այդ խոսքերից վատ զգաց և սկսեց ձեռքերով, բարձր տոնով խոսել այդ թեմայի շուրջ` վիրավորված, ես էլ շրջվելով` նրան նկատողություն արեցի, թե ինչո՞ւ է վիրավորվել, դրան որևէ պատճառ չկա: Բացի այդ՝ կողքի նստած Ս. Խաչատրյանը քնած է:

Բուդաղյանն իմ խոսքերից ավելի վիրավորվեց, ասաց, թե` դու քեզանից ի՞նչ ես ներկայացնում, որ ինձ ասես` ոնց խոսեմ: Ես էլ այդ պահին զայրացա, կրկին շրջվեցի դեպի հետ, ու քանի որ Ավոն նստած տեղից մարմնով առաջ էր եկել ինձ հետ խոսելու համար, ձեռքով երկու անգամ հարվածեցի նրա դեմքին»:

Հիշեցնենք, որ Զարզանդ Նիկողոսյանի և Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի, նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր, քանի որ նախաքննական մարմինը գտել էր, որ նրանց գործողությունները համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին:

Տեսանյութեր

Լրահոս