Շքեղության հարկը նվազեցրել է բյուջեի մուտքերը. Միքայել Մելքումյան
Նոր կառավարությունն արդեն ձեռնամուխ է եղել հնի կառուցածը քանդելուն: Երեկ գործադիրը հավանություն տվեց «Ակցիզային հարկի մասին» օրենքի փոփոխությանը, որով վերացվում է ավտոմեքենաների համար 2012-ից սահմանված շքեղության հարկը: Օրինագիծը կներառվի ապրիլի 28-ին մեկնարկող ԱԺ նիստերի օրակարգ և, քանի որ խանգարող հանգամանք չկա, շատ արագ կընդունվի: Դրանից հետո 25 մլն դրամ (մոտ 61 հազար դոլար) և ավելի մաքսային արժեք ունեցող կամ մինչև 2 տարին ներառյալ թողարկման տարեթիվ և 4500 սմ3 և ավելի շարժիչի աշխատանքային ծավալ ունեցող թեթև մարդատար ավտոմեքենաների ներմուծման ժամանակ այլևս չի գանձվի 20% հարկ:
Պաշտոնական տվյալներով՝ 2012 թվականին 2011թ-ի համեմատ 30 հազար դոլարից ավելի արժեք ունեցող մեքենաների ներկրումն ավելացել է 135-ով, իսկ 2013թ-ին 2012-ի համեմատ նվազել 235-ով և կազմել 1332 հատ: ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հայտարարել էր, թե կառավարությունը շքեղության հարկից ակնկալում է տարեկան մոտ 1 մլրդ դրամի եկամուտ ունենալ: Բայց դեռ 2013-ի կեսերին գնահատականներ հնչեցին, որ շքեղության հարկը բացասաբար է անդրադարձել բյուջեի մուտքերի վրա: Կարելի է ենթադրել, որ այս ներկրված ավտոմեքենաները 30-60 հազար դոլարի միջակայքում են և հարուստները, որպես յուրօրինակ բողոքի ակցիա, հրաժարվել են ավելի թանկարժեք մեքենաներից: Այն ժամանակ օրինագիծն արժանացել էր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը: Հանձնաժողովի նախագահը ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն էր, ով, ի դեպ, «Շքեղության հարկը» վերացնող այս նոր օրինագծի համահեղինակներից է:
Օրինագծի մեկ այլ համահեղինակ, ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ շքեղության հարկի արդյունքում մեքենաների ներկրումն էապես կրճատվել է, ինչն իր հերթին բյուջետային մուտքերի վրա ոչ թե 10-20%-ով է բացասական ազդեցություն ունեցել, այլ մի քանի անգամով: Նա դժվարացավ հստակ նշել, թե խոսքն ինչքան գումարի մասին է:
«Ըստ էության, շքեղության հարկի արդյունքում մեքենա չի ներկրվում: Այժմ փոփոխության իմաստն այն է, որ որոշակի փուլում զերծ մնանք դրանից, ավելի ընդլայնվի ներկրումը, որովհետև դրանից վնաս չկա, օգտակար բան է: Դրանով խթանում ենք պահանջարկը, որը կրճատվել էր: Ընդ որում՝ շատ կասկած է հարուցում, թե այդ «խնայված» գումարն այլ տեղում է ներդրվում»,- ասաց Մ.Մելքումյանը՝ հավելելով, որ հարկային օրենսդրությունը քարացած բան չէ, եթե հանգեցրել է պահանջարկի կրճատման, կարելի է վերանայել. «Այս փուլում միանշանակ տեղին է, որ հանենք ու միտումներին հետևենք, տեսնենք ինչ է լինում»:
Մեր հարցին՝ արդյոք օրենքի այս փոփոխությունը պայմանավորված չէ՞ Մաքսային միությանը ՀՀ անդամակցությամբ, քանի որ երրորդ երկրներից ներկրվող մեքենաների մաքսազերծումն էականորեն ավելանալու է և այսպիսով ցանկություն կա այս ժամանակամիջոցն օգտագործել, Մ.Մելքումյանը հայտարարեց, թե նախ պարզ չէ, թե երբ ենք մտնելու ՄՄ, քննարկվում է այն ապրանքների ցանկը, որ բացառություն են կազմելու և մաքսազերծման արժեքի փոփոխությունն անմիջապես չի արվելու, և դրանում մեքենաները նույնպես կներառվեն. «Թողեք կարճաժամկետում ապրոբացիան գնա, տեսնենք ինչ էֆեկտ կլինի: ՄՄ մեջ ընդհանուր խաղի կանոններ պետք է սահմանվեն, այդ թվում այդ մասով, սպասենք բանակցությունների արդյունքներին: Նաև եթե կառավարությունը հավանություն է տվել, նշանակում է, դրա ակտուալությունը կա, որովհետև կառավարությունը կոմպետենտ է, թե ինչ բանակցություններ է վարում: Չեմ կարծում, որ ուզում են արագ ներկրել, մինչև խաղի կանոնները կփոխվեն: Հիմա ավտոմեքենա ներկրողները մեծ քանակությամբ ներկրել են՝ ենթադրելով, որ թանակցում կլինի, բայց ես այն կարծիքին չեմ, որ թանակցում կլինի»:
Մեր դիտարկմանը, որ շուկան բավականին հագեցած է, և գուցե դա է պատճառը, որ շքեղ մեքենաներ չեն ներկրում, Մ.Մելքումյանը պատասխանեց. «Չէ, մեքենաներն այնպիսի ապրանք են, որ եթե չենք համեմատում 15-20 տարվա հետ, մոդելների փոփոխություն է տեղի ունենում, եղածները հնանում են, և մարդիկ փորձում են արագ դրանք վերավաճառել: Այնպես չի, որ նույն տերերը 15-20 տարի պահում են նույն մեքենաները»: