
Սաակաշվիլին խոստացել է վերադառնալ ավելի շուտ, քան պատկերացնում է Իվանիշվիլին

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է ցուցմունքներ տալ միայն դատարանում, քանի որ դա բաց արենա է, ուր ներկա կլինեն լրագրողները, սովորական լսարանը:
Սաակաշվիլին վստահություն է հայտնել, որ նրանք (ներկայիս իշխանությունները) ամեն անգամ սկսում են աղմուկ բարձրացնել տարբեր (այդ թվում նաև Զուրաբ Ժվանիա) թեմաների շուրջ, սակայն հետո հանդարտվում են:
Սաակաշվիլիի խոսքերով՝ ներկա դրությամբ գոյություն ունի միայն երկու երկիր, ուր գնալու հետ կապված նա ունի խնդիրներ: Սաակաշվիլին մանրամասնել է, որ այդ երկրներից մեկը Ռուսաստանն է, իսկ մյուսը՝ Վրաստանը: Սաակաշվիլին հիշեցրել է, որ նախկինում այդ երկրների քանակը եղել է 3, և որ դրանցում գտնվել է նաև Ուկրաինան, սակայն այնտեղ «սև ցուցակը» պահպանվեց ուղիղ երկու ամիս.
«Վրաստանում դա նույնպես կավարտվի շատ ավելի վաղ, քան պատկերացնում է (Բիձինա) Իվանիշվիլին: Ես ցանկություն չունեմ մեկնելու Ռուսաստան, սակայն բնականաբար իմ սիրտը պատկանում է Վրաստանին»:
Նշվում է, որ երեկ Թբիլիսիում տեղի է ունեցել Միխեիլ Սաակաշվիլիի նախագահական գրադարանի բացումը, որը հանդիսանում է Եվրոպայում առաջին նախագահական գրադարանը: