
Աղետի գոտու թեման այլևս «արդիական չէ»

Գյումրու տնակային ավաններում և նախկին գործարանային կիսափուլ, կոմունալ-կենցաղային տարրական պայմաններից զուրկ հանրակացարաններում պատսպարված ընտանիքների ու հատկապես միայնակ տարեցների վիճակն օր օրի վատթարանում է:
Այդ կացարաններում, որտեղ դեռևս բնակվում է մոտ 4000 ընտանիք, կյանքը կարծես դժոխք է դարձել երկրի վրա, մարդիկ ոչ թե ապրում, այլ ամենօրյա գոյապայքար են մղում:
Ցավալին այն է, որ անօթևանության խնդիրը ոչ միայն իշխանությունների, այլ նաև համայն հայության, անգամ բարերարների ու սփյուռքի համար այլևս առաջնային խնդիր չէ ու դրան մեծ նշանակություն չեն տալիս: Դե, 25 տարի է անցել, կարծես աղետի գոտու թեման այլևս «արդիական չէ»:
Մինչդեռ աղետի գոտում անօթևանության խնդիրը ոչ միայն չի լուծվել, այլև ժամանակավոր կացարաններում պայմաններն առավել ծանր են դարձել, քան հետերկրաշարժյան տարիներին: 20-25 տարի առաջ մարդիկ հույս ու հավատ ունեին, հիմա դա էլ չկա, գործազրկությունն ու աղքատությունն ավելի մեծ է, քան նախկինում:
Իսկ վագոն-տնակները տարիների ընթացքում փտել ու շարքից դուրս են եկել, դրանցից շատերում հատակ ու տանիք չկա, պատերն իրարից հեռացել են, քամին թափանցում է ներս: Տնակներում, որոնց մեծ մասը թիթեղից են, մարդիկ ամռանը շոգից խեղդվում են, ձմռանը՝ սառչում…