Բաժիններ՝

«Մեր ապրած իրականությունը չի տարբերվում Մարկեսի նկարագրից»

Հայ գրական աշխարհում առաջինը Պարույր Սևակի մոտ է միտք ծագել՝ հայերեն թարգմանել կոլումբիացի հռչակավոր գրող Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպը, սակայն ժամանակ չունենալու պատճառով Սևակը չի կատարել այդ գործը: Այս մասին երեկ մեզ հետ զրույցում ասաց գրող, Մարկեսի հայերեն գործերի առաջին թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանը: Նա առաջին անգամ «Иносранная литература» ամսագրում է կարդացել վեպից ռուսերեն հատվածներ, տարվել և, ի վերջո, շտապել է իր հայտնաբերածը ցույց տալ Հայաստանին: Ռուբեն Հովսեփյանը հետագայում թարգմանել է նաև «Նահապետի աշունը» վեպը և մի քանի պատմվածք:

Ապրիլի 17-ին կյանքից հեռացավ Գաբրիել Գարսիա Մարկեսը. նա իր հարցազրույցներից մեկում ասել է. «Իմ կյանքի ամենագլխավոր իրադարձությունը մահն է լինելու, և որպես գրող` սարսափում եմ այն մտքից, որ ես այն չեմ կարողանալու նկարագրել»… Ինչպես ամբողջ աշխարհը, Հայաստանը նույնպես տարված է Մարկեսով, չնայած նրա գրականության մի չնչին մասն է միայն հասու հայ ընթերցողին: Նրա հայերեն առաջին թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանը երիտասարդ թարգմանիչներին խորհուրդ է տալիս իրար ետևից հայերեն թարգմանել մեր ժամանակների ամենամեծ գրողներից մեկի գործերը:

– Պարոն Հովսեփյան, Դուք Ձեզ համար բացահայտե՞լ եք, թե, ի վերջո, ո՞րն է մոգական ռեալիզմի հմայքը, որով Մարկեսի գրականության միջոցով տարվեց ամբողջ աշխարհը:

– Գրականագետների հետ չեմ ուզում վիճել, բայց ես այդ ուղղությունը ոչ թե մոգական ռեալիզմ կանվանեի, այլ՝ անսահման ռեալիզմ: Հավաստիությունն է: Երբ դու գրականության մեջ մի բան ես նկարագրում, կամ թեկուզ կյանքում մի արտառոց դեպք ես պատմում, եթե այդ արտառոցը պատմես արտառոց, ոչ ոք չի հավատա, արտառոցը պիտի պատմես հավաստի: Դա է ամբողջ գաղտնիքը:

Կարդացեք նաև

markes

Օրինակ, Ռեմեդիոս գեղեցկուհու՝ երկինք համբառնելու մասին Մարկեսը չի գրում` համբառնեց, նա այլ ձևով է Ռեմեդիոսին բարձրացնում երկինք. լվացք էր փռում, սպիտակեղենը հավաքելու ժամանակ քամի է բարձրանում, սպիտակեղենը դառնում է առագաստ և, փքվելով` նրան երկինք է բարձրացնում: Յուրաքանչյուր անհավանական, արտառոց թվացող դեպք պիտի կյանքային պատմես:

Մոգական, կամ, ինչպես ես ասացի՝ անսահման ռեալիզմը դա է: Ի դեպ, ինքը խոստովանել է, որ շատ վաղուց էր ուզում գրել իր ծննդավայրի պատմությունը, բայց գրելու ոճը չէր գտնում, և հանկարծ իր տատի՝ մի բան պատմելու ձևն է հիշում, տատն ունակություն ուներ արտառոց դեպքերը կյանքային ձևով նկարագրելու, ու հենց այդ ոճով էլ գրում է:

– Ուրեմն՝ եթե շատերն իրենից են ազդվել, ինքն էլ տատից է ազդվել:

– Այո, տատից, ուրիշ ոչ մեկից:

– Ի դեպ, հայ գրականության վրա ինչքա՞ն է եղել Մարկեսի ազդեցությունը:

– Մեծ է եղել: Գրեթե իմ սերնդից հետո եկող բոլոր արձակագիրների մոտ զգալի է Մարկեսի ազդեցությունը, ի դեպ, բարենպաստ ազդեցություն է դա, բայց դա այն ազդեցությունը չէ, որ մատդ դնես, ասես՝ սա է: Բոլոր արձակագիրներն էլ ազդվել են: Երբեմն նաև Հրանտ Մաթևոսյանին են կապում, բայց ես չեմ զգացել, քանի որ Հրանտն արդեն կազմավորված գրում էր, երբ Մարկեսը հայտնաբերվեց հայերիս համար: Բայց Մարկեսի ազդեցությունն իրոք մեծ է՝ թե՛ տարածքային, թե՛ խորքային իմաստներով: Մեր երջանկությունն էր, որ իր ժամանակաշրջանում ենք ապրել:

– Դուք է՞լ եք իբրև արձակագիր կրել նրա ազդեցությունը:

– Ինձ համար երկու-երեք կարևոր մարդիկ ասել են, որ թվում է, թե ամենաշատը քեզ մոտ պիտի լիներ մարկեսյան ազդեցությունը, բայց չկա: Ես ինձ մարկեսյան եմ համարում մինչև Մարկեսի գրականությանը ծանոթանալը: Իմ բոլոր պատմվածքներն ու մի քանի վիպակ, որոնցում կյանքի ու միֆականության կապը կա, գրվել են մինչ նրա հետ ծանոթանալը:

gabo-3460700-2

– Ուրեմն` Ձեր ապրած միջավայրն էր նրա նկարագրածին մոտ. Հետաքրքիր է՝ դա որտե՞ղ էր:

– Ես Երևանում եմ ծնվել, բայց Արմավիրն էր այն միջավայրը, որ ազդեցություն է գործել իմ այդ գրականության վրա՝ իմ մանկության փողոցը, թաղը, մարդիկ… Իմ մանկության մեջ էլ արտահայտված էին հեքիաթն ու միֆականությունը, մարդու և բնության զարմանալի հարաբերությունը…

– Իսկ այսօրվա հայ իրականության մեջ կա՞ն մարկեսյան իրավիճակներ:

– Ամեն տեղ կա: Այ, որ ասում եմ` անսահման ռեալիզմ, նաև Հայաստանի դեպքում է դա երևում: Այսօրվա մեր իրականությունը չի տարբերվում Մարկեսի նկարագրածից:

– Նաև քաղաքական իրավիճա՞կը նկատի ունեք. «Նահապետի աշունը» վեպի քաղաքական կերպարնե՞րը հիշեցիք:

– Այո, քաղաքականությունը նկատի ունեմ: Այն, ինչ ինքն այդ վեպում նկարագրում է՝ մեր օրերն են: Ամեն մարդ կարող է իրեն տեսնել այդ գործի մեջ: Ես ամեն օր մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունների առիթով կարող եմ այդ վեպից մի կտոր վերցնել և հրապարակել: Եվ մարդիկ կասեն՝ այսօրվա համար է գրված:

04170553-653

– Վերջերս եվրոպական մամուլում ռումինացի հայազգի գրող Վարուժան Ոսկանյանին բնորոշել էին` իբրև Մարկեսի գրականության նորօրյա շարունակող: Նրա «Շշշուկների մատյան» վեպն իսպանախոս երկրներում աննախադեպ հաջողություն ունի, իսկ Կոլումբիայի նախագահն անձամբ է արտահայտել իր հիացմունքը Ռումինիայում ապրող մեր հայրենակցի վեպի մասին: Դուք ծանո՞թ եք նրա գրականությանը, ի՞նչ կարծիքի եք:

– Գիրքը նոր եմ սկսել կարդալ, ձեռքիս տակ էգ Հնարավոր է արտաքին նմանություններ տեսնել, բայց առայժմ ինչ կարդացել եմ, մարկեսյան խորությունը չեմ զգացել, չնայած ասեմ, որ շատ հրաշալի վեպ է:

– Պարոն Հովսեփյան, Ձեզ հաճախ ներկայացնում են` իբրև Մարկեսի թարգմանիչ, բայց Դուք նաև արձակագիր եք, տասնյակ ստեղծագործությունների հեղինակ: Արդյո՞ք մարկեսյան թարգմանիչ լինելու հանգամանքը ստվերի տակ թողեց Ձեր գրականությունը:

– Ես չեմ նեղվում, և այն գլխից էլ ինձ չի խանգարել այն հանգամանքը, որ իմ անունը Մարկեսի հետ ավելի է կապվում, քան իմ արձակի, բայց այդպես է, ի՞նչ անեմ…

– Տարիներ առաջ Մարկեսի ծննդավայր Արակատականի քաղաքապետը հանրաքվե էր անցկացրել, որպեսզի քաղաքը կոչվեր Մակոնդո, որ Մարկեսի գրականության մեջ երևակայությամբ ստեղծված քաղաք էր: Պարզվում է՝ այնտեղ ինքնատիպ են նույնիսկ քաղաքապետները: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ մեզանում չկան գրականությունից սնվող պաշտոնյաներ:

– Գրականության մշակույթով ե՞րբ են ապրել մեր իշխանավորները, որ նման բաների մասին մտածեն: Առնվազն մի արձան են դնում կամ մի գրողի անունով փողոց են կոչում, դրանով գրականությունը կյանք բերելը համարում են ավարտված: Գրականությունն ինքը շատ դանդաղ, աննկատելի է մտնում կյանք:

– Պարոն Հովսեփյան, ի վերջո, ի՞նչ էր ուզում ասել Մարկեսը:

– Նա կյանքը լավ գիտեր և ասում էր՝ սիրեք իրար, ուրիշ ապրելու ձև չկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս