Արևմտյան ափում պաղեստինցիների դեմ Իսրայելի գործողությունները հավասարազոր են ապարտեիդի. ՄԱԿ
Իսրայելի իշխանությունների քաղաքականությունը Հորդանան գետի Արևմտյան ափի, ներառյալ Արևելյան Երուսաղեմի պաղեստինցի բնակչության նկատմամբ հավասարազոր է ռասայական խտրականության և ապարտեիդի։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության զեկույցում։
Փաստաթղթի համաձայն՝ Իսրայելի իշխանությունների վերաբերմունքն Արևմտյան ափում բնակվող իսրայելցի վերաբնակիչների և պաղեստինցիների նկատմամբ որոշվում է «օրենքների և քաղաքականության երկու տարբեր համակարգերով»։ Վարչության փորձագետների գնահատումներով՝ դրա հետևանք է դառնում անհավասար վերաբերմունքն այս երկու խմբերի նկատմամբ «մի ամբողջ շարք կարևոր հարցերի վերաբերյալ, ներառյալ տեղաշարժը և ռեսուրսների հասանելիության հնարավորությունը, ինչպիսիք են հողը և ջուրը»:
«Պաղեստինցիները նախկինի նման ենթարկվում են հողերի լայնածավալ բռնագրավման և ռեսուրսների հասանելիությունից զրկման: Դա հանգեցրել է նրանց հողերից և տներից զրկման, համակարգային խտրականության այլ ձևերի հետ մեկտեղ, ներառյալ ռազմական դատարաններում քրեական հետապնդման, որի ընթացքում պարբերաբար խախտում են նրանց պատշաճ իրավական ընթացակարգի և արդար դատաքննության իրավունքները», – նշված է զեկույցում:
Ըստ վարչության գնահատումների՝ Իսրայելի իշխանությունները մտադիր են այդ «բաժանումը, սեգրեգացիան և ենթակարգությունը դարձնել մշտական՝ պահպանելու ճնշումն ու գերիշխանությունը պաղեստինցիների նկատմամբ»:
