Վազգեն Միրզախանյանը վախենում է կարգալույծ լինելուց
Դեռևս նախորդ ամսվա սկզբին, երբ Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը նոր էր սկսել դառնալ նիկոլական մեդիայի աստղն ու շուրջօրյա ռեժիմով ինֆորմացիոն աղբ, սուտ ու կեղծիք տարածել Ամենայն Հայոց կաթողիկոսի մասին, վերջինս ամեն տեղ, ուր նստում էր, այդ թվում՝ նաև հոգևորականների մոտ, ասում էր՝ սա իմ ինչի՞ն է պետք: Ասում էր նաև՝ ինքը հաճույքով կգնար իր թեմ, բայց իր ՍԷԿՏ-ը (ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգը) փակ է, չի կարող գնալ:
Այդ ժամանակ 168.am-ն այդ մասին հրապարակում արեց՝ հարցադրում անելով՝ ինչո՞ւ Վազգեն Միրզախանյանը չի կարողանում վերադառնալ իր ծառայության վայր:
Հիշեցնենք, որ Հայ Առաքելական եկեղեցու Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը (ավազանի անունը՝ Էդվարդ Միրզախանյան, 21.07.1965, ծննդյան վայրը՝ գյուղ Արտիմեդ, Էջմիածին) Հայաստան էր եկել՝ մասնակցելու նոյեմբերի 4-7-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին և այլևս չէր վերադարձել իր ծառայության վայր:
Դեկտեմբերի 23-ին մենք Ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ) գրավոր հարցում կատարեցինք հետևյալ բովանդակությամբ՝
Արդյո՞ք փակ է Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգը:
Վազգեն սրբազանը, նույն ինքը՝ Էդվարդ Միրզախանյանը, կարո՞ղ է արդյոք լքել Հայաստանը, թե՞ ունի ելքի սահմանային արգելք:
Մինչ ամանորյա տոներն ավարտվեցին, ու մենք կստանայինք մեր հարցման պատասխանը, այս մասին այլ ինֆորմացիա ստացանք: Բայց նախ՝ հարցման պատասխանի մասին:
«Ի պատասխան Ձեր 23.12.2025թ. հարցման՝ ներկայացնում ենք ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության տրամադրած պատասխանը։
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ գլխի 15-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ տվյալների սուբյեկտին անձնական տվյալները տրամադրվում են տվյալների սուբյեկտի կամ լիազորագրով հանդես եկող ներկայացուցչի կամ օրինական ներկայացուցչի գրավոր հարցման հիման վրա, իսկ համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ տեղեկատվության տրամադրումը մերժվում է, եթե դա խախտում է մարդու անձնական և ընտանեական կյանքի գաղտնիությունը…»:
Հետևաբար, հայցվող տեղեկությունների տրամադրումը ենթակա է մերժման, քանի որ պարունակում է Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի (Էդվարդ Միրզախանյան) անձնական կյանքի վերաբերյալ տվյալներ և բացակայում է վերջինիս կողմից տրված համապատասխան լիազորագիրը»,- այսպիսին էր մեր հարցմանն ի պատասխան՝ ՆԳՆ արձագանքը:
Փաստացի ՆԳՆ-ն հրաժարվեց մեզ տեղեկություն տրամադրել Վազգեն Միրզախանյանի կողմից ենթադրյալ հանցանք կատարելու վերաբերյալ՝ հղում կատարելով անձնական տվյալների պաշտպանությանը, բայց ԱԱԾ-ն ՔՊ-ական լրատվամիջոցին փաստաթուղթ է տալիս առ այն, որ, օրինակ՝ Եզրաս սրբազանը ռուսի ագենտ է: Բայց սա՝ իմիջիայլոց:
Մենք, սակայն, տեղեկացանք, որ Վազգեն Միրզախանյանը երկրում չէ, այսինքն՝ սահմանային ելքի արգելք վերջինս չունի, ինչը նշանակում է, որ բարձրաստիճան հոգևորականը, ումով Նիկոլ Փաշինյանը «բարենորոգում է» Եկեղեցին ու պայքարում Վեհափառ Հայրապետի դեմ, ստել է, որովհետև վախեցել է կարգալուծությունից: Իսկ տևական ժամանակ թեմը թողնելն ու ծառայության վայրը լքելը կարգալուծության կոնկրետ վտանգ է պարունակում:
Մինչ փորձում էինք տեղեկանալ՝ որտե՞ղ է, ի վերջո, Վազգեն Միրզախանյանը, վերջինս Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակին» նոր հարցազրույց տվեց, այս անգամ արդեն՝ Բուլղարիայից, ակվարիումի ֆոնին նստած, վերարկուն՝ հագը:
Ի դեպ, այդ հարցազրույցի ժամանակ Վազգեն Միրզախանյանն ասել է, որ իրենք իրենց թեմերում են: Թե ինչ կապ ունի Բուլղարիան Բալթյան երկրների հետ, մնում է անհասկանալի: Համենայն դեպս Սուրբ ծննդի օրով վերջինս Բուլղարիայում էր:
