ԱՄՆ մուտքի նոր կանոններ. հայտնի է՝ որքան պետք է վճարել վիզա ստանալու համար
Fox News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը զգալիորեն ընդլայնել է այն ծրագիրը, համաձայն որի՝ որոշ երկրների քաղաքացիներ պետք է 5000-ից մինչև 15.000 դոլար դրամական գրավ մուծեն ԱՄՆ-ի B1/B2 կարգի (զբոսաշրջային և գործնական) վիզաների համար դիմելիս։ Նոր կանոնները ուժի մեջ կմտնեն 2026 թվականի հունվարի 21-ից։
Ըստ պարբերականի՝ այս կարգը, սակայն, չի երաշխավորում վիզայի հաստատումը, բայց մերժվելու դեպքում կամ եթե նա պահպանում է վիզայի պայմանները և ժամանակին լքում է ԱՄՆ-ը, գրավը կարող է վերադարձվել։
Գրեթե եռապատկել է այն երկրների ցանկը, որոնցից պահանջվում են նմանատիպ գրավներ։ Այժմ այն ներառում է 38 պետություն, որոնց մեծ մասը գտնվում է Աֆրիկայում, ինչպես նաև մի քանիսը՝ Լատինական Ամերիկայում և Ասիայում։
Այդ երկրներն են՝ Ալժիր, Անգոլա, Անտիգուա և Բարբուդա, Բանգլադեշ, Բենին, Բուրունդի, Կաբո Վերդե, Կուբա, Ջիբութի, Դոմինիկա, Ֆիջի, Գաբոն, Կոտդ’Իվուար, Ղրղզստան, Նեպալ, Նիգերիա, Սենեգալ, Տաջիկստան, Տոգո, Տոնգա, Տուվալու, Ուգանդա, Վանուատու, Վենեսուելա, Զիմբաբվե, Բութան, Բոտսվանա, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն, Գամբիա, Գվինեա, Գվինեա-Բիսաու, Մալավի, Մավրիտանիա, Նամիբիա, Սան Տոմե և Պրինսիպ, Տանզանիա, Թուրքմենստան, Զամբիա։
Իրավապաշտպաններն ու քննադատները մատնանշում են, որ նման միջոցները կարող են ամերիկյան վիզաները ֆինանսապես անհասանելի դարձնել շատ մարդկանց համար: Այնուամենայնիվ, ԱՄՆ իշխանությունները պնդում են, որ դա օգնում է կրճատել վիզայի ժամկետի ավարտից հետո անօրինական կեցության դեպքերը և բարձրացնել վիզային նորմերի պահպանման մակարդակը:
