«Դժվարին պայքարի շրջան է լինելու. Ամեն մարդ պետք է մի քիչ խորը գիտակցի իր կայացրած որոշման հետևանքները». Թևան Պողոսյան
Տարին նոր է մեկնարկել և, հաշվի առնելով գործող իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը, շատ վերլուծաբաններ որևէ լավ ակնկալիք չունեն 2026 թվականից։
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանի խոսքով՝ 2020 թվականից սկսած՝ կորուստների շարան էին բոլոր տարիները՝ մեկը մյուսի հետևից։
«2020 թվականի սկզբին դեռ պատերազմ չկար, սակայն եղավ կորոնավիրուսը և շատ մարդկանց կյանք խլեց, հատկապես, որ պանդեմիայի շրջանում բոլոր գործընթացները շատ վատ կազմակերպվեցին։ Կորոնավիրուսին զուգահեռ՝ եղավ Արցախի 44-օրյա պատերազմը, հետո՝ 5000 լույս տղաների և հայրենիքի մի մասի կորուստը։ Դրանից հետո ամեն հաջորդ տարի այնպես էր լինում, որ չէինք կարողանում վերականգնվեինք, փոխարենը՝ ունենում էինք կորուստ կորստի հետևից։ 2021 թվականի հունիսից սկսած, երբ այդպես էլ չգիտակցեցինք ազգային շահը և մնացինք անձնական նեղվածության դաշտի մեջ, և դրա պատճառով էլ ընտրություններում եղավ այն արդյունքը, որը եղավ։ Իսկ այդ ընտրությունների արդյունքներն էլ բերեցին ավելի շատ կորուստների՝ 2023 թվականին կորցրեցինք Արցախն ամբողջությամբ, արցախահայերը տեղահանվեցին, ցեղասպանվեցին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Թևան Պողոսյանը։
Շարունակելով՝ Թևան Պողոսյանը շեշտեց՝ 2023 թվականից հետո էլ Հայաստանում տեղի ունեցան կորուստներ քաղաքական, տնտեսական և ազգային հարցերով։ Հետևաբար՝ անցած 2025 թվականը ևս որևէ բանով չտարբերվեց։
«Իհարկե, Տավուշում, Կիրանցի հատվածում մենք կորուստներ ունեցանք, բայց ամենամեծը հոգևոր, ազգային արժեքների կորուստն էր։ Անցող 2025 թվականը մեր պատմության մեջ մնալու է՝ որպես մեր հավատքի, ազգային արժեքների մեծագույն կորուստներով տարի։ Բաքվում գերեվարված մեր հայրենակիցների վերադարձի հարցում որևէ տեղաշարժ անցնող տարում չնկատվեց, ունեցանք ժողովրդավարության, ազատությունների կորուստ, քաղբանտարկյալների թիվն ավելացավ, վերացավ հոգևոր Հայաստանի սահմանը։ Իշխանությունն այնպիսի հարված հասցրեց հոգևորի սահմանին, որ ես չգիտեմ, մենք որքան պետք է աշխատենք, որպեսզի կարողանանք այդ ամենը վերականգնենք։
Ուզում եմ, որ գոնե այս տարում մենք միասնական լինենք, խելքներս գլուխներս հավաքենք, ունենանք շրջադարձային այնպիսի ունակություններ՝ մեր մեջ անձնապես, որ վերականգնենք մեր հոգևորն ու ազգայինը»,- շեշտեց Թևան Պողոսյանը։
Ըստ մեր զրուցակցի՝ հայ ազգն այնպես պետք է ապրի, որ հայրենիք թողնի ապագա սերունդներին, և հայրենիքի կորստի վերականգնումը չթվա շատ բարդ ձևակերպում, այլ լինի իրական երազանք։
«Այս ուղղությամբ պետք է աշխատել, այո, ես հավատում եմ այդ իրական երազանքին, անձնապես իմ բաժին ներդրումը կանեմ՝ և՛ խոսքով, և՛ գործով։ Բայց նաև պետք է գիտակցենք, եթե մենք այսքանն անում ենք, իսկ մյուս կողմն ի՞նչ է անելու, ռեպրեսիաներն ուժեղանալու ու շատանալու են։ Սա նշանակում է, որ մենք պետք է պատրաստ լինենք դրան։ Եթե շատ իրատես լինեմ, ապա ասեմ՝ շատ դժվարին պայքարի շրջան է լինելու, տոկոնություն եմ մաղթում բոլորին, որ գիտակցեն, որպեսզի մինչև ընտրություններ, երբ կգնան ու կարևոր որոշում կընդունեն, հաշվի առնեն դրանից բխող բոլոր հետևանքները։
Ամեն մարդ պետք է մի քիչ խորը գիտակցի իր կայացրած որոշման հետևանքները, որի մեջ գուցե ինքը չապրի, բայց ապրելու են իր երեխաները, թոռները։ Ի՞նչ են ուզում, իրենց երեխաները լինեն թշնամու շահերի սպասարկո՞ղ, թե՞ փորձեն ապրել այն Հայաստանում, որի մասին բոլորս ենք երազում, այն Հայաստանի, որի ձևակերպումը կա Անկախության հռչակագրում»,- ընդգծեց Թևան Պողոսյանը։
