Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբն անվանակոչվեց Հովհաննես Չեքիջյանի անունով
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում օրերս տեղի էր ունեցել համերգ՝ նվիրված Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 97-ամյակին:
Այսօր արդեն տեղեկացանք, որ Կառավարության համապատասխան որոշմամբ՝ «Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կվերանվանվի «Հովհ. Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպության։
Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը հիմնադրվել է 1937 թվականին, իսկ 1961 թվականից ի վեր՝ երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր, մաեստրո Հովհաննես Չեքիջյանը։
«Հրաժարվելով դիրիժորական փայլուն ապագայից Թուրքիայում՝ Չեքիջյանը 1961 թվականին տեղափոխվել է Հայաստան՝ իր կարողությունները և տաղանդը անմնացորդ ներդնելով ի նպաստ հայկական երաժշտարվեստի զարգացմանը: Երևանում հաստատվելուն պես նրա կյանքն անխզելիորեն կապվել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հետ։
Չեքիջյանի գլխավորությամբ երգչախումբը ելույթներ է ունեցել աշխարհի թվով 184 լավագույն համերգային հարթակներում՝ Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և այլն:
Մաեստրոյի ղեկավարած երգչախումբը ելույթներով հանդես է եկել նաև ճանաչված սիմֆոնիկ նվագախմբերի (թվով 69 նվագախումբ) հետ, որոնց թվում՝ ԽՍՀՄ Պետական Ակադեմիական Սիմֆոնիկ Նվագախումբը, Սանկտ Պետերբուրգի Ակադեմիական Սիմֆոնիկ Նվագախումբը, «Բոլշոյ» թատրոնի նվագախումբը»,- ասվում է Կառավարության հիմնավորման մեջ։
Հովհաննես Չեքիջյանը ծնվել է 1928 թվականի դեկտեմբերի 23-ին Կոստանդնուպոլսում։ Նրա հայրը Կոմիտասի աշակերտներից էր, ուստի իրենց տանը միշտ լսել են ազգային ու մաքուր երաժշտություն։
«Շատ անբախտ է այն մարդը, որը հայ է ու Թուրքիայում է ծնվում։ Թուրքիայում ծնված հայը ինչ պետք է լինի, օրինակ` Անգլիայում ծնվելը երջանկություն է։
Մինչև այսօր էլ թուրքերի մեջ նստած է «հային վատ բան անելը դրախտի ուղեգիր է» գաղափարը»,- մի առիթով ասել է Չեքիջյանը։
