Արմեն Մարտիրոսյանը` ՕԵԿ-ի մասին. «Կարևորը ժողովրդի գնահատականն է»

«Կա երկու պատճառ. առաջին ամենակարևոր խնդիրն այն է,  որ իսկապես կա ներիշխանական ճգնաժամ, և իշխանությունն այժմ բավական թույլ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` մեկնաբանելով «Օրինաց Երկիր» կուսակցության (ՕԵԿ ) երեկվա հայտարարությունը այն մասին, որ կուսակցությունն այլևս նպատակահարմար չի համարում հետագա անդամակցությունը իշխանական կոալիցիային:

«Ժառանգության» փոխնախագահի խոսքերով` իշխանության թույլ լինելը վերջին շրջանում երևում էր թե´ նրա վարած «անողնաշար» արտաքին քաղաքականության, թե´ ներքին քաղաքականության մեջ, երբ հրաժարական տվեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, իսկ նոր վարչապետը «հազիվ առաջադրվեց»` այն էլ երկու փուլով:

«Երկրորդը պատճառն այն է, որ իրենց սպասելիքները չեն արդարացել, քանի որ հայտարարության մեջ հստակորեն ասվում է, որ մենք այլ վարչապետ էինք պատկերացնում` հընթացս նաև Հովիկ Աբրահամյանի վրա քար նետելով, թե չի համապատասխանում իրենց պատկերացումներին: Ըստ էության, այս ամենը ցույց է տալիս, որ իշխանական թուլություն կա»,- նշեց նա:

Մեր հարցին, թե «Ժառանգությունը» պատրա՞ստ է ընդդիմադիր դաշտում համագործակցելու ՕԵԿ-ի հետ, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Երբ «Օրինաց Երկիրը» կդիմի «Ժառանգությանը»` համագործակցելու առաջարկով, մենք այդ հարցը կքննարկենք: Այս պահին որևէ քննարկում չենք արել, և կարծում եմ` դրա կարիքը չկար էլ: Երեկ տիկին Բիշարյանի խոսքը լսեցի, մի բացթողում արեց, թե բոլոր ընդդիմադիր ուժերը իշխանական դաշտում եղել են, նոր են ընդդիմություն դարձել: Ուզում եմ իրեն հիշեցնել, որ «Ժառանգությունը» երբևիցէ իշխանության մեջ չի եղել»:

Կարդացեք նաև

Ամեն դեպքում, ինչպե՞ս է «Ժառանգությունը» գնահատում ՕԵԿ-ին` որպես ընդդիմադիր ուժ` հաշվի առնելով վերջինիս քաղաքական անցյալը:

«Կարծում եմ` իմ գնահատելը այնքան քիչ է, կարևորը ժողովրդի գնահատականն է»,- ի պատասխան մեր հարցադրմանը` պատասխանեց Արմեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ երեկ` ապրիլի 16-ին, կայացել էր ՕԵԿ-ում կայացավ քաղաքական խորհրդի նիստը, որից հետո կուսակցության քաղխորհրդի անդամներ Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանը և Մհեր Շահգալդյանը լրագրողներին ներկայացրին կուսակցության հայտարարությունը: Դրանում ՕԵԿ-ն արձանագրում էր, որ անցած 6 տարիների ընթացքում Հանրապետական կուսակցության հետ իշխանական կոալիցիայում կյանքի են կոչվել բազմաթիվ ծրագրեր, միաժամանակ ՕԵԿ-ը փաստում էր, որ «իրենց չի հաջողվում իրականացնել ՕԵԿժի բազմաթիվ նախընտրական ծրագրերը, որի վկայությունը, օրինակ, ավելի քան 2 տասնյակ օրինագծերն են, որոնք տարիներ շարունակ, գտնվելով Ազգային ժողովում, օրենքներ չեն դառնում, չնայած բազմաթիվ քննարկումներին»:

«Արձանագրելով, որ դասական քաղաքական առումով քաղաքական կոալիցիան կարող է լինել կենսունակ, եթե մասնակից քաղաքական ուժերը ունեն որոշումների կայացման վրա եթե ոչ համաչափ, եթե ոչ էական, ապա գոնե որոշակի ազդեցության հնարավորություն, ՕԵԿ-ը փաստում է, որ կոալիցիոն ձևաչափը իրականության մեջ գործել է ոչ արդյունավետ»,- մասնավորապես նշված է հայտարարության մեջ: Ավելացնենք, որ կոալիցիայից դուրս գալու վերջնական որոշումը ՕԵԿ-ը կկայացնի կուսակցության Երևանի տարածքային և մարզային կառույցներում և ս. թ. ապրիլի 25-ին ՕԵԿ վարչության նիստում կայանալիք քննարկումների արդյունքում, որից հետո ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդես կգա մամուլի ասուլիսով և հանրությանը կներկայացնի կուսակցության ղեկավար մարմինների որոշման մասին:

Տեսանյութեր

Լրահոս