
Ռուսաստանը մտադիր չէ Վրաստանի համար չեղյալ հայտարարել վիզային ռեժիմը. Աբաշիձե

Грузия Online-ի փոխանցմամբ՝ երեկ Պրահայում տեղի է ունեցել Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի ու Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հերթական (6-րդ) հանդիպումը:
Հանդիպումից հետո Աբաշիձեն հայտարարել է, որ Ռուսաստանը դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում չի կարող Վրաստանի համար չեղյալ հայտարարել վիզային ռեժիմը:
Կարասինն իր հերթին հիշեցրել է, որ 2008 թվականի օգոստոսին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խզել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները, և որ նման պայմաններում վաղաժամ է խոսել Վրաստանի քաղաքացիների հանդեպ վիզային ռեժիմի ամբողջական ազատականացման մասին:
Դրա հետ մեկտեղ Կարասինը հայտարարել է, որ վերջին մեկուկես տարում իրենք զգալիորեն ընդլայնել են այն անձանց կատեգորիաները, որոնք ստանում են ռուսական վիզաներ:
Վրաստանը Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը միակողմանիորեն վերացրել է 2012 թվականի փետրվարի 29-ին՝ Սաակաշվիլիի նախագահության ժամանակաշրջանում: