Թուրքագետ. Գերտերությունները չեն սատարում Թուրքիային (տեսանյութ)

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետ Կարեն Սիրունյանն անդրադարձավ Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ Եվրոպայի և Միացյալ Նահանգների վարած քաղաքականությանը: Նա այս երկու տերությունների վարած քաղաքականությունների միջև տարբերություն չի դնում: Ըստ նրա՝ եթե շատ հարցերում նրանք տարբեր մոտեցումներ ունեն, ապա գլոբալ հիմնախնդիր ներկայացնող հարցերին նրանք միասնաբար են մոտենում: Ուստի, նրա դիտարկմամբ՝ պատահական չէր, որ Քեսաբում տեղի ունեցող մեզ համար ցավալի այդ իրադարձություններից հետո Եվրոպայում և Միացյալ Նահանգներում համապատասխանաբար որոշումներ կայացվեցին: «Միացյալ Նահանգներում Հայոց ցեղասպանության բանաձևը ներկայացվեց Սենատում, իսկ Եվրոպայում դատապարտեցին Քեսաբում տեղի ունեցածը»,- ասաց նա:

Բանախոսի կարծիքով՝ պատճառներից մեկը, թե ինչու է այս խնդիրը հուզում աշխարհում հիշյալ երկու «խաղացողներին», պետք է փնտրել հայ-թուրքական սահմանների բացման մեջ, որովհետև արդեն հստակ է և՛ Եվրպայի, և՛ Միացյալ Նահանգների դիրքորոշումը էներգետիկ դիվերսիֆիկացիայի ուղղությամ: Այսինքն` այն ճանապարհների որոնման ուղղությամբ, որոնք կապահովեն և՛ Եվրոպայի, և՛ Միացյալ Նահանգների անվտանգությունը` դրանով կտրվելով Ռուսաստանի ազդեցությունից:

«Բնականաբար, այսպիսի դեպքերում առաջ է քաշվում Հարավային Կովկասի թեկնածության հարցը: Այսինքն`տարածաշրջանը որպես տրանզիտ երկիր պետք է պահապանի իր ստատուս քվոն և խաղաղությունը: Ընդհանրապես, տարածաշրջանում պետք է պահապանվի տերությունների հավասարակշռությունը, առանց որի՝ այստեղի տրանզիտը, այսինքն՝ այդ էներգետիկ անվտանգությունը, չի կարող ապահովել տվյալ երկրների համար»,- ասաց Կ. Սիրունյանը:

Թուրքագետի խոսքով` վերջին շրջանում Պարսկաստանը ևս դեպի Արևմուտք մերձենալու քաղաքականություն է վարում. «Եվ Պարսկակստանից դեպի Արևմուտք նավթամուղերի կառուցումը նորից ընկած կլինի Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետաքրքրությունների շրջանակում: Այստեղ Հայաստանը կատարելու է բանալի դեր: Եվ սա է այն հիմնական պատճառը, որ և՛ Եվրոպայում, և՛, ընհանրապես Միացյալ Նահանգներում, բավական ինտենսիվ կերպով սկսել են անդրադառնալ հայոց ցեղասպանությանը»:

Թուրքագետը խոսեց նաև այն մասին, թե Քեսաբում տեղի ունեցող իրադարձություններն ինչքանով բևեռեցին Եվրոպայի և Միացյալ Նահանգների ուշադրությունը հիմնախնդրի վրա. «Չպետք է շրջանցել այն հանգամանքը, որ Թուրքիան այսօր բռնել է հզորացման ճանապարհը:

Ցանկացած երկրի հզորացում տանում է տվյալ երկրի անկախ ներքին ևարտաքին քաղաքականությանը, որը, բնականաբար, ձեռնտու չէ բոլոր մյուս կողմերին:

Հատկապես Էրդողանի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքն այս վերջին շրջանում կտրուկ փոխվել է, որը կապված է Էրդողանի ներքին և արտաքին անկախ, ինքուրույն քաղաքականություն վարելու հետ: Բնականաբար, ոչ միշտ, բայց հաճախ և պարբերաբար մենք տեսնում ենք դա և տեսնում ենք այն արտահայտությունները Թուրքիայի պաշտոնական շրջաններում, թե իբրև նրանք պետք է վերականգնեն Օսմանյան կայսրությունը, հետևաբար` առաջնորդվում են նեոօսմանիզմի սկզբունքներով:

Բնականաբար, այս քաղաքականության մեջ պետք է ներառվեն բոլոր այն երկրները, որոնք այսպես կամ այնպես ժամանակին Օսմանյան կայսրության մաս են կազմել: Այստեղ Սիրիան ևս բացառիկ երևույթ չէ, և Թուրքիայի` Սիրիայի հանդեպ վարած քղաքականությունը փոխվում է այս վերոհիշյալ hանգամանքից»:

Թուրքագետը համակարծիք չէ այն բոլոր տեսակետների հետ, որ այստեղ գերտերությունները Թուրքիային սատարում էին. «Պետք է նշեմ, որ Թուրքիան իր սովորության համաձայն միշտ հարմար պահը գտնում է իր քաղաքականությունը իրականացնելու համար: Իսկ հարմար պահը միջազգային ասպարեզում հանդիսացավ Ղրիմի հարցը: Տեսնելով, որ տերությունները շեղվել են այս հարցի ուղղությամբ` Թուրքիան ձեռնարկեց իր արշավանքը դեպի Սիրիա, որն անթաքույց կերպով նպատակ է հետապնդում, ընդհանրապես, Սիրիան եթարկելու Թուրքիային»:

Տեսանյութեր

Լրահոս