ՀԱԿ-ը վստահ է, որ ԲՀԿ-ն կպահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Դեռ ապրիլի 9-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով վարչապետի հրաժարականից հետո ստեղծված իրավիճակին ու դիմելով քառյակի ուժերին, ասել էր.

«Ընդդիմությունը կամ պետք է շուրջօրյա հանրահավաքների միջոցով անմիջապես բարձրացնի արդեն Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, կամ էլ, ընտրելով միջանկյալ և իշխանափոխության ավելի փափուկ տարբերակ, խորհրդարանական քննարկումների օրերին, կրկին շուրջօրյա հանրահավաքների ճնշման տակ, պետք է երիցս վիժեցնի նոր կառավարության ծրագրի ընդունումը՝ ստիպելով Սարգսյանին, Սահմանադրության համաձայն, ցրել խորհրդարանը և Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնել»։

Սակայն, բացի «Ժառանգությունից», որևէ մեկը չարձագանքեց այդ հայտարարությանը, որը դրդեց առաջին նախագահի նախօրեին ասածը կրկնել։

Թերևս հասկանալի է՝ ՀՅԴ-ն, որ նոր ձևավորվող կառավարությունից հինգ րոպե է պակաս, կողմ չէ այս առաջարկին, սակայն նոր ձևավորվող կառավարությունը և սեփական ներգրավվածությունն իրենց համար քֆուր համարող ԲՀԿ-ականները կրկին շարունակում են դեմ դուրս չգալ իշխանությանը՝ Սերժ Սարգսյանին։

«Բարգավաճ Հայաստանի» օրակարգում մենք ասել ենք, որ այս փուլում այդպիսի խնդիր չկա դրված, իսկ մնացած խնդիրներն արդեն քառյակի ձևաչափով պետք է հայտարարություններ արվեն»,- ասում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով ՀԱԿ-ի հայտարարությանը:

Պատգամավորը չի մանրամասնում՝ այժմ չկա, իսկ վաղը կամ հետո կլինի՞, թե՞ ոչ։ Նրանց փոխարեն պատասխանում են դաշնակից ՀԱԿ-ից, այստեղ պատրաստ են երկար սպասել՝ այսօր չկա, վաղը չի բացառվում, որ կլինի ԲՀԿ-ի օրակարգում Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը։ Մեզ հետ զրույցում նման համոզմունք է հայտնում ՀԱԿ-ից Զոյա Թադևոսյանը։

«Սպասենք տեսնենք, այսօր չունեն նման օրակարգ, վաղը կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ այդ հարցը բարձրացվի»։ Թադևոսյանն ասում է, որ, այնուհանդերձ, հարցն այժմ օրակարգային է։

«Առանց Սերժ Սարգսյանին հեռացնելու որևէ լավ բան ակնկալել չի կարելի։ Ովքեր անգամ իշխանության մեջ են և իշխանության բարեհաճություններից և մեր ժողովրդի արդար քրտինքից օգտվում են, միևնույն է, այդ մարդիկ վաղ թե ուշ պետք է հասկանան, որ ելքը դա է»,- ասում է նա։ Այսինքն՝ դեռ հույսեր կան, որ ԲՀԿ-ն մի օր կպահանջի՞ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ «Ոչ միայն ԲՀԿ-ն, այլ բոլորը կպահանջեն»,- անսահման լավատեսությամբ հայտարարեց ՀԱԿ անդամը։

Մի բան ակնհայտ է՝ շանս տալով ԲՀԿ-ին, վերջինին չեն հեռացնում ոչ իշխանական դաշտից և այդպիսով փակում են իրական ընդդիմադիրների ճանապարհը։ Ինչո՞ւ չեք ցանկանում դաշտը մաքրել, ժամանակը չէ՞ արդյոք՝ հարցրինք ՀԱԿ անդամին։ «Մենք դաշտը մաքրելու խնդիր չենք տեսնում, և ես կարող եմ ինձ համար գործընկեր համարել բոլորին՝ անկախ իրենց քաղաքական դիրքորոշումներից, որոնք ինչ-որ պատճառներով հայտնվել են իշխանական թևում»։

Եվ մինչ ԲՀԿ-ականները չեն ցանկանում ծավալվել՝ մնում են քառյակում, թե ոչ և ինչպես են պատկերացնում հետագա համագործակցությունը, տիկին Թադևոսյանը չի շտապում այս միջադեպն ապահարզանի պատճառ համարել. «ԲՀԿ-ն որևէ պաշտոնական դիրքորոշում չունի քառյակից հեռանալու մասին»։

Մանրամասները «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս