Քառյակը կկատարի՞ արհեստական բուֆերի դերը, թե նրա գործը կհամարեն ավարտված. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանի վարչապետի պաշտոնում նշանակումից հետո ներքաղաքական հիմնական հարցադրումներից մեկը դարձել է այն, թե ինչպես են իրենց պահելու ոչ իշխանական ուժերը, որոնք համախմբվել էին կառավարության հանդեպ անվստահության հարցի շուրջ:

Որովհետև, ըստ էության, այդ հարցը առնվազն մի քանի ամիս հանվում է օրակարգից, այն պարզ պատճառով, որ կառավարությունը պետք է ծրագիր ներկայացնի, որը պետք է հաստատվի ԱԺ-ում, և որից հետո հասկանալիորեն դեռ մի քանի ամիս պետք է աշխատի, արդյունքներ ցույց տալու համար:

Սա, ըստ էության, մի հեռանկար է, որը հաշվի չառնել պարզապես հնարավոր չէ: Եվ այս տեսական մասից զատ, ըստ էության գործ ունենք նաև առկա իրողությունների հետ, որոնցում գրեթե ոչ մեկի համար գաղտնիք չեն Հովիկ Աբրահամյանի ոչ միայն խնամիական կապերը, այլ նաև հարաբերությունների բնույթը ոչ իշխանական ուժերին առաջնորդող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ:

Ահա այս ամենի պայմաններում, բնականաբար, ակնհայտ է դառնում, որ ոչ իշխանականների միավորումը հայտնվում է, այսպես ասած, նոր առանցք, նոր նպատակ գտնելու անհրաժեշտության առաջ: Ինչպես երևում է, այդ նպատակն ու առանցքը գտնելը չի ստացվում. ՀԱԿ-ն առաջարկում է համախմբվել Սերժ Սարգսյանի հրաժարականի շուրջ, իսկ ԲՀԿ-ն ըստ էության մերժում է: Իսկ քառյակը դա ԲՀԿ-ն է:

Այս ֆորմատի հարցը հասարակական շահերի տեսանկյունից, ըստ էության, մի դիտանկյունից է կարևոր երևակվում: Խոսքը վերաբերում է նրան, որ քառյակն, ըստ էության, հանդիսանում է իշխանական համակարգի մի յուրօրինակ բուֆեր, որը վերցնում է հասարակական ալիքը և մարում այն մինչև իշխանության պատերին հասնելը:

Եվ քառյակի ճակատագիրն, ըստ էության, հետաքրքրական է զուտ այս տեսանկյունից՝ իշխանությունների արհեստական բուֆերի ճակատագրի տեսանկյունից, որը կա՛մ կշարունակի իր գործը, կա՛մ էլ գործը կհամարեն ավարտված և կփորձեն հասարակական բողոքի այլ «խլացուցիչ» ֆորմատներ ձևավորել` ամեն ինչ անելով, որ հասարակության մեջ չհասունանա, այսպես ասած, համակարգից դուրս գտնվող և համակարգով չթաթախված ֆորմատների ձևավորման գիտակցական սաղմը»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս