19-ամյա աղջիկը մեղավոր է ճանաչվել սուտ մատնություն տալու մեջ
Առաջին ատյանի դատարանի վճռով 19-ամյա աղջիկը մեղավոր է ճանաչվել սուտ մատնություն տալու մեջ: Նախաքննության ընթացքում նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատավության մասին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է, այնուամենայինվ, մոր նկատմամբ կատարել է սուտ մատնություն, նրան մեղադրելով առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ, հայտնելով, թե իբր մայրը իրենց տանը խեղդամահ է արել իր գոյություն չունեցող 1.3 տարեկան երեխային:
Առաջին ատյանի դատարանում դատաքննությունը սկսելուց առաջ ամբաստանյալն ու նրա պաշտպանը արագացված դատաքննություն կիրառելու մասին, հայտնելով, որ առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչում, անկեղծորեն զղջում է կատարվածի համար, գիտակցել է իր կողմից ներկայացված միջնորդության բնույթն ու հետևանքները:
Դատարանն իր վճռում նշել է, որ փորձաքննության եզրակացության համաձայն՝ նա հոգեկան հիվանդությամբ չի տառապել և ներկայումս չի տառապում, այլ նրա մոտ հայտնաբերվում է «թեթև աստիճանի մտավոր հետամնացություն» ախտորոշմամբ, սակավամտություն, սակայն վերը նշված սակավամտությունը փորձաքննվողի մոտ արտահայտված չէ այն աստիճանի, որպեսզի իրեն մեղսագրվող արարք կատարելու պահին զրկեր նրան իր գործողությունների համար իրեն հաշիվ տալու և դրանք ղեկավարելու ունակությունից, այլ միայն սահմանափակել է այն, ուստի նրան հարկ է կատարածի նկատմամբ ճանաչել սահմանափակ մեղսունակ:
Իր ներկա հոգեկան վիճակով նա կարող է մասնակցել դատաքննչական գործողություններին:
Դատարանի վճռով՝ 19-ամյա աղջիկը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 1 տարի ժամկետով ազատազրկման: Դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ համաներում է կիրառվել և նա ազատվել է պատժից: