Նիկոլայ Բաղդասարյան. «Լինի 10 աստիճան, թե երեք՝ բովանդակային առումով Հայաստանի իրականությանում ոչինիչ չի փոխվի»

«Ճիշտ է՝ այն, ինչ մենք ունենք, ոչ մեկիս ձեռք չի տալիս, բայց սխալը սխալով փոխարինելը լուծում չէ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը՝ խոսելով Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում առաջարկվող երդվյալ ատենակալների մասնակցությամբ դատավարությունների անցկացման մասին:

«Ուսումնասիրել եմ տարբեր պետությունների փորձը: Ասեմ, որ գրեթե բոլոր իրավաբանները, այդ թվում այն պետությունների իրավաբանները, որոնք երդվյալ ատենակալների պատմական փորձ ունեն, ներկայացնում են, որ այդ ինստիտուտը սկսում է կորցնել իր կարևորությունը, նշանակությունը: Եվ այն պետությունները, որոնք երդվյալ ատենակալներ ունեն, հրաժարվում են այդ ինստիտուտից:

Ինքս Ռուսաստանում մասնակցել եմ երդվյալ ատենակալների մասնակցությամբ երկու նիստի: Եթե չեմ սխալվում մեկը Ռոստովում էր, մյուսը՝ Սոչիում:

Մենք սկզբում միջնորդեցինք, որ երդվյալ ատենակալներ մասնակցեն, որովհետև նախաքննության ավարտման պահին պետք է միջնորդես, որ կիրառեն այդ ինստիտուտը: Խնդիրը հետևյալում էր. նախ նիստ չէր գումարվում, դատավարությունը շատ երկար էր տևում: Երկրորդ՝ մի կողմից թվում է, թե ավելի օբյեկտիվ է լինում, բայց ասեմ ձեզ՝ բացարձակապես չլուծեց օբյեկտիվության խնդիրը, որովհետև կառուցված է մարդկանց հուզմունքների, տպավորությունների վրա: Ճիշտ է՝ այն, ինչ մենք ունենք, ոչ մեկիս ձեռք չի տալիս, բայց սխալը սխալով փոխարինելը լուծում չէ» ,- ասաց Ն. Բաղդասարյանը:

Կարդացեք նաև

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում նշվում է նաև դատական ատյանների քանակի կրճատման մասին՝ եռաստիճանից անցում երկաստիճանին՝ երկրորդ ատյանում վերաքննության և վճռաբեկության լիազորությունները ներառելու պայմանով:

Խոսելով այս առաջարկի մասին՝ Ն. Բաղդասարյանն ասաց. «Լինի 10 աստիճան, թե երեք՝ բովանդակային առումով Հայաստանի իրականությանում ոչինիչ չի փոխվի»:

Ն. Բաղդասարյանի խոսքով՝ տարբեր դատական համակարգեր ունեցող հետխորհրդային երկրներում՝ Ռուսաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, խնդիրը նույնն է, ինչը նշանակում է, որ խնդիրը դատական համակարգի կառուցվածքում չէ:

«Պետք է ընտրել ոչ թե ռեվոլյուցիոն կամ այլ պետության տարբերակ, այլ էվոլյուցիոն ճանապարհով այն դատական համակարգը, որը մեզ համար հոգեհարազատ է: Պետք է մի բան հասկանալ, որ այսօրվա դրությամբ ստեղծված իրավիճակում, օրենսդրության վիճակում երկրորդ ատյանը ոչ պիտանի դատարան է: Վերաքննիչ դատարանն ընդհանրապես չգործող ատյան է: Անիմաստ գումար են ծախսում այդ ատյանի վրա»:

Ն. Բաղդասարյանը գտնում է, որ վճռաբեկ դատարանի որոշ լիազորություններ պետք է փոխանցել վերաքննիչ դատարանին. վճռաբեկ դատարանն էլ մնա որպես պետության ներսում օրենքի միատեսակ կիրառում ապահովող մարմին և չլինի գործերն ըստ էության քննող դատարան.

«Բայց դրանով չէ պայմանավորված արդար դատաքննության իրավունքի ապահովումը Հայաստանում: Դրանք ընդամենն իրավական լուծումներ են: Կյանքում այդ լուծումները կարող են ոչ մի օգուտ չտալ: Սրա լուծումը ո՞րն է, ե՞րբ դատական համակարգում ինչ-որ բան կփոխվի: Կփոխվի, երբ հանրությունը դատական համակարգի դեպքում պահանջատեր կլինի, այսինքն՝ ինքը կիմանա, որ եթե անարդար դատական ակտ կայացնի, հանրային կարծիքը կարող է ներազդեցություն ունենալ իր վրա»:

Տեսանյութեր

Լրահոս