ՀՀԿ-ն պատրա՞ստ է կոալիցիայում ՕԵԿ-ին փոխարինել ԲՀԿ-ի հետ

«Ես կարծում եմ, որ դժվար թե նման բանակցություններ գնան, որովհետև, ըստ էության, դա նշանակում է թելադրել իշխանությանն ու քաղաքական մեծամասնությանը ինչ-որ պայմաններ, որոնք ուղղակի հակասության մեջ են մտնում մինչ այդ ձևավորված համագործակցության ֆորմատների հետ: ՀՀԿ-ն այնքան անելանելի վիճակում է, հա՞, որ հանուն ԲՀԿ-ի կամ որևէ այլ կուսակցության հետ համագործակցության ապահովման պատրաստ լինի խզել այսօրվա ձեռք բերած քաղաքական պայմանավորվածությունները, որոնք բավականին հաջող իրացվել են»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե լուրեր են շրջանառվում, որ ԲՀԿ-ն կոալիցիա մտնելու դիմաց պահանջել է, որպեսզի կոալիցիայում չլինի ՕԵԿ-ը, արդյոք ՀՀԿ-ն պատրա՞ստ է կոալիցիայում ՕԵԿ-ին փոխարինել ԲՀԿ-ի հետ:

Խ. Հարությունյանը նշեց, որ չի հավատում այդ հարցադրումներին և քաղաքական առումով կոռեկտ չէ ու ոչ մի հեռանկար իր մեջ չի պարունակում այդ փոխանակումը:

«Ես գտնում եմ, որ չի կարող նման հարցադրում լինել: Համաձայնեք, որ եթե ԲՀԿ-ն նման հարց է բարձրացնում, դա նշանակում է, որ ինքը փորձում է իր քաղաքական դերակատարումը համեմատել ՕԵԿ-ի դերակատարման հետ: Ես կարծում եմ, այստեղ տրամաբանություն չկա, ԲՀԿ-ն երկրորդ քաղաքական ազդեցիկ ուժն է: Ես չեմ տեսնում քաղաքական ողջամիտ նախադրյալ նման հարցադրման համար»,- ասաց Խ. Հարությունյանը:

Լուսանկարը՝ 168.am-ի

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս