«Ճերմակ հիվանդանոց» ՍՊԸ տնօրենը ՀՀ առողջապահության նախարարության կողմից նախազգուշացվել է

Հանրապետության բժշկական կազմակերպություններում իրականացվել է մշտադիտարկում` ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի 2013 թվականի դեկտեմբերի 18-ի N3274-Ա հրամանի պահանջների կատարման առումով:

Հրամանի համաձայն` բժշկական կազմակերպությունները պետք է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստացող քաղաքացիներին տրամադրեն իրազեկման թերթիկ, ինչը ՀՀ առողջապահության նախարարության և բժշկական կենտրոնի միջև կնքված պետական պատվերի տեղադրման պայմանագրի պարտադիր կետերից մեկն է:

Մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել է, որ Գյումրու «Ճերմակ հիվանդանոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը չի պահպանել հրամանով սահմանված պահանջները:

«Ճերմակ հիվանդանոց» ՍՊԸ տնօրենը ՀՀ առողջապահության նախարարության կողմից նախազգուշացվել է` «Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին» ՀՀԱՆՊԱԳ-ԾՁԲ-0610 պայմանագրի 3.1.1 կետի խախտման առնչությամբ:

Միաժամանակ, Ճերմակ հիվանդանոցի տնօրինությանն առաջարկվել է ձեռնարկել միջոցներ խախտումը վերացնելու համար` ապահովելով պայմանագրային պարտավորությունների կատարումը, և նախազգուշացվել է, որ հետագայում պետական պատվերի շրջանակներում ծառայություններ մատուցելու ընթացքում խախտում թույլ տալու դեպքում կկիրառվեն պատասխանատվության ավելի խիստ միջոցներ, ընդհուպ մինչև պայմանագրի դադարեցում:

Նշենք, որ իրազեկման թերթիկը քաղաքացիներին տեղեկացնում է իրենց իրավունքների և պարտականությունների, մասնավորապես` պետական պատվերի շրջանակներում բուժօգնության ծավալի, տրամադրվող դեղերի մասին:

ՀՀ Առողջապահության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս