Ժիրինովսկին Պետդումայի նիստին ներկայացել է ՌԴ զինված ուժերի գնդապետի հանդերձանքով
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Պետդումայի լիագումար նիստին ներկայացել է Ռուսաստանի զինված ուժերի գնդապետի հանդերձանքով:
Նշվում է, որ Ժիրինովսկին այդ քայլին գնացել է ի պատասխան նրան, որ Ուկրաինայի իշխանությունները «քողարկամիջոց են հագել» և հայտարարել են երկրի արևելքում հատուկ գործողություն սկսելու մասին.
«Այսօր ես գնդապետի հանդերձանքով եմ, որը կարող եմ կրել օրինականորեն, քանի որ տեսնում եմ, թե ինչպես է վերազգեստավորվել Կիևի ռազմական խունտան: Ե՛վ Տուրչինովին, և՛ քաղաքացիական մյուս անձանց հատկացրել են կամուֆլյաժ:
Կիևի իշխանություններն այսօր հայտարարում են ռազմական տեխնիկայի, այդ թվում նաև տանկերի, զրահամեքենաների ներդրման մասին, բացի այդ գործի են դրվել թե՛ հատուկ նշանակության զորքերը, թե՛ բանակը, թե՛ ազգային գվարդիան:
Ահա թե ինչու համար էր «Մայդանը», որը ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարի, այլ իշխանափոխություն իրականացնելու համար էր: «Մայդանը» կազմակերպել է ԱՄՆ-ը, որպեսզի սկսվի այն, ինչ սկսվեց այս գիշեր, որպեսզի Եվրոպայում վառոդի հոտ զգացվի, որպեսզի դրանով իսկ կտրուկ մեծացվի սեփական բյուջեն»: