Սամվել Նիկոյան. Պետք է օգնել կառավարությանը, ոչ թե հայհոյել ու չարախնդալ
ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը չի հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին: Այսօր ՀՀԿ խորհրդի նիստից հետո, որտեղ ԱԺ գործող նախագահ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց վարչապետ` թափուր թողնելով խորհրդարանի ղեկավարի աթոռը, Սամվել Նիկոյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ իր պաշտոնն իրեն «լրիվ բավարարում» է: Նա նշեց, որ Աժ նոր նախագահի անունը պարզ կլինի 20 օր հետո, իսկ այս ընթացքում տեսակետներ կհնչեն, քննարկումներ կլինեն:
«Կոալիցիոն կառավարության ձևավորումը տեսականորեն չի բացառվում: Կառավարությունը հիմա էլ կոալիցիոն է` ՕԵԿ-ի հետ: Տեսականորեն որևէ բան չբացառենք, բայց հստակ լուծում այս պահին չկա: Համագործակցության ի՞նչ մակարդակ կլինի այլ կուսակցությունների հետ՝ պարզ կլինի մոտակա օրերին»,- ասաց Ս.Նիկոյանը:
Նա հայտնեց, որ միշտ քննարկվել է Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը, բայց անձերի խնդիր չի եղել, քննարկվել են մարտահրավերները և թե ինչպիսի հատկություններ պետք է ունենա վարչապետը և կառավարությունը, որ այդ խնդիրները լուծի. «Հովիկ Աբրահամյանն ունի այդ հատկությունները, կարծում եմ` այո: Ապագան ցույց կտա»:
Միաժամանակ, Նիկոյանը վստահեցրեց, որ հասարակությունը փոփոխությունների դրական սպասումներ պետք է ունենա և խորհուրդ տվեց դրական տրամադրվել, որ փոփոխություններ լինեն, օգնել կառավարությանը, ոչ թե հայհոյել ու չարախնդալ:
Ի դեպ, Նիկոյանը դեռ չէր ավարտել իր խոսքը, երբ նրան մոտեցավ մի կին և բողոքեց, որ միայնակ մայր է` զինվոր և աշակերտ ունի, չի աշխատում, իսկ իր սառեցված գումարը չեն վերադարձնում: «Ինչպե՞ս ապրեմ»,- հարցրեց նա Նիկոյանին:
ԱԺ պատգամավորը ներողություն խնդրեց, որ հարցին չի կարող պատասխանել: