Էդուարդ Շարմազանովը չբացառեց կոալիցիոն հուշագրի ստորագրումը

Այսօր լրագրողներից մեկը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց՝ արդյոք նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ուրա՞խ է իր նոր պաշտոնի համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ըստ էության, նրա պաշտոնն իջեցվեց (ԱԺ նախագահը ՀՀ երկրորդ դեմքն է համարվում): Ի պատասխան, Է. Շարմազանովն ասաց, որ Հ. Աբրահամյանը բարձր պատասխանատվությամբ է ստանձնել նոր պաշտոնը. «Ուրախությունը քաղաքական կատեգորիա չէ: Դուք հնարավորություն կունենաք նրա աշխատանքը լուսաբանելու»:

Շարմազանովի խոսքով` քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունները շարունակվում են, նրանք կարող են ներկայացնել իրենց առաջարկները կառավարության կազմի ու ծրագրերի հետ կապված: Նա չբացառեց կոալիցիոն հուշագրի ստորագրումը: Շարմազանովի բնորոշմամբ` ՀՅԴ-ն բավականին կառուցողական է տրամադրված, սահմանադրական բարեփոխումների գաղափարը պաշտպանում է. «Չեմ բացառում կոալիցիան, նաև չեմ բացառում, որ չեն մտնի: Թե ինչ կլինի` քաղաքական ուժերի որոշելիքն է: Բնականաբար, կլինեն նոր դեմքեր կառավարությունում»:

Անդրադառնալով թափուր մնացած ԱԺ նախագահի պաշտոնին` Է. Շարմազանովը հայտնեց, որ դեռ ժամանակ կա մինչև ԱԺ լիագումար նիստը` ապրլի 28-ը: Դիտարկմանը, որ Կարեն Կարապետյանի անունն է շրջանառվում, Շարմազանովն ասաց, որ առայժմ որևէ թեկնածություն չի ներկայացվել:

Տեսանյութեր

Լրահոս